գլխավոր Գլխավոր Փաշինյանը փորձել է հասկանալ՝ ինչպես կարող է պաշտպանել Արշակյանին, բայց նրան զեկուցել...

Փաշինյանը փորձել է հասկանալ՝ ինչպես կարող է պաշտպանել Արշակյանին, բայց նրան զեկուցել են, որ տարբերակ չկա. «Ժողովուրդ»

«Լրագրող Փայլակ Ֆահրադյանի և ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի միջև եղած միջադեպի գործն արդեն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Լրագրողը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել էր, որ Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

Ավելի ուշ տեսանյութ հրապարակեց, թե ինչպես էր նախարարը հարձակվում լրագրողի վրա, հարվածում նրա դեմքին: Այդ միջադեպից հետո լրագրողը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն, և երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Իսկ ի՞նչ է սպասվում դրանից հետո. եթե ՀՔԾ-ն պետք է սկսի այս գործի քննությունը, ապա առաջիկայում պետք է դադարեցվեն Հակոբ Արշակյանի լիազորությունները՝ որպես նախարարի, ինչպես դա եղավ Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի պարագայում: Այս անգամ ևս քննիչը պետք է որոշում կայացնի և դադարեցնի նախարար Արշակյանի լիազորությունները, և միայն գործի քննության ավարտից հետո պարզ կլինի նապարարի ճակատագիրը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավաբանների է հրավիրել իր մոտ և փորձել է հասկանալ, թե ինչ ձևով կարող են պաշտպանել Հակոբ Արշակյանին և այնպես անել, որ նրա լիազորությունները չդադարեցվեն, սակայն նրան զեկուցել են, որ այլ տարբերակ չկա, և Հակոբ Արշակյանի լիազորությունները պետք է դադարեցվեն մինչև գործի քննության ավարտը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: