գլխավոր Իրադարձային ԱԳ փոխնախարարը զրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսի

ԱԳ փոխնախարարը զրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսի

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսի հետ։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրատապությունը՝ հաշվի առնելով հայկական հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, դրանց սրբապղծման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական քայլերը։ Արտակ Ապիտոնյանն անդրադարձավ հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորումներին: Մասնավորապես, նշվեց, որ այսօր համացանցում BBC լրատվական ծառայության կողմից շրջանառվել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Մեխակավան բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնովին ավերվել է:

Անդրադառնալով փաստահավաք առաքելության նախապատրաստական աշխատանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը խիստ մտահոգություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավմանը խոչընդոտելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ: