
Ոստիկանությունը պարզել է, որ կինը Օհանավան համայնքի նույն առանձնատնից նախկինում էլ է գողություն կատարել։
38-ամյա մի կին, որն Օհանավան համայնքի առանձնատներից մեկում հավաքարար է աշխատել, հեռուստացույցներ է գողացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Կինը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։
«Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 10-ին Օհանավան համայնքի մի առանձնատնից գողացել է 2 հեռուստացույց, որոնք 200.000 դրամ պարտքի դիմաց տվել է ծանոթին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 38-ամյա կինը 2020 թ. դեկտեմբերի 25-ին Օհանավան համայնքի նույն առանձնատնից գողացել է նաև էլեկտրական մսաղաց: Նա ոստիկաններին է ներկայացրել ողջ գողոնը։
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: