գլխավոր Իրադարձային Մոտ 11 հայ վարորդ մնացել են վրաց-ռուսական սահմանի չեզոք գոտում. կցորդի մեկնաբանությունը....

Մոտ 11 հայ վարորդ մնացել են վրաց-ռուսական սահմանի չեզոք գոտում. կցորդի մեկնաբանությունը. Sputnik Արմենիա

Մոտ 11 հայ վարորդ մնացել են վրաց-ռուսական սահմանի չեզոք գոտում՝ Վերին Լարս անցակետի մոտ, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Ռուսաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ մաքսային ծառայությունը պարզել է, որ նախկինում այդ վարորդները Ռուսաստանի տարածքում խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի համար վարչական տույժի են ենթարկվել:

2020 թվականի հուլիսի 1-ից արգելվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների մուտքը Ռուսաստան:

«Վարորդները վարչական իրավախախտումներ են արել երեք տարվա ընթացքում։ Սահմանապահների մոտ դա հիմա է «ցույց տալիս», դրա համար էլ նրանց չեն թողնում։ Այդ մասին տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, ստացել են կա՛մ դատական կարգադրիչներից, կա՛մ Ռուսաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանությունից», — ասել է Թանանյանը։

Նրա խոսքով՝ բեռներն արդեն անցել են մաքսային ձևակերպումը Վրաստանում, ուստի այդ բեռնատարները չեն կարող վերադառնալ։ Ըստ կանոնների՝ բեռը պետք է մեկ այլ երկիր, այսինքն` Ռուսաստան մտնի, որ հետո վերադառնա։

Թանանյանը նշեց, որ այս փակուղային իրավիճակը լուծելու համար արդեն կապ է հաստատել Հայաստանի համապատասխան կառույցների հետ։ Չեզոք գոտում մնացած վարորդներին, ամենայն հավանականությամբ, կփոխարինեն Ռուսաստանից վերադարձող վարորդները։ Նրանք, ում մուտքն արգելված է, կվերադառնան, իսկ ապրանքը մյուս վարորդը կտեղափոխի Ռուսաստան։

Թեև այդ դեպքում էլ կարող է խնդիր առաջանալ, քանի որ բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպված են կոնկրետ վարորդների անուններով, բայց Թանանյանը հավաստիացրեց, որ դա լուծվող հարց է։

«Բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների ղեկավարությունները պետք է ստուգումներ սկսեն ու պարզեն՝ արդյոք իրենց աշխատակիցները Ռուսաստանի տարածքում վարչական խախտումներ արել են, թե ոչ», – ասել է Թանանյանը:

Շարունակությունն` սկզբնաղբյուր կայքում: