գլխավոր Իրադարձային Չենք քննարկել ընտրությունների հարցը. Գալուստ Սահակյան

Չենք քննարկել ընտրությունների հարցը. Գալուստ Սահակյան

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը չի հավատում, որ հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ են լինելու։ Սահակյանն իր կարծիքը հայտնեց Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում։

ՀՀԿ վերնախավն այցելել էր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Մարգարյանը մահացել էր 2007-ի մարտի 25-ին։

«Չենք քննարկել ընտրությունների հարցը, համենայն դեպս ոչ միայն մենք, այլ բոլորը կարծում են, որ ամենամեծ դիրքորոշումն ունենալու է ՀՀԿ–ն»,–ասաց Սահակյանը։

Նա հայտնեց, որ չեն քննարկել` ընտրություններին մասնակցելու են, թե ոչ կամ էլ դաշինք կազմելու են որևէ կուսակցության հետ, թե ոչ։ ՀՀԿ–ի խնդիրը, ըստ Սահակյանի, մեկն է` հայ ազգն իր պետականությամբ պետք է պահպանվի։

«Տա աստված, որ իշխանության գան մարդիկ, որոնք պաշտում են հայ ժողովրդին»,–ասաց Սահակյանը։

Հարցին, թե կա՞ն նման մարդիկ, Սահակյանը պատասխանեց` իհարկե կան։