գլխավոր Իրադարձային Ավստրիայում կարգելվի տնից դուրս գալ առանց հարգելի պատճառի

Ավստրիայում կարգելվի տնից դուրս գալ առանց հարգելի պատճառի

Ապրիլի 1-ից 6-ը Վիեննայի, Բուրգենլանդի և Ստորին Ավստրիայի դաշնային նահանգներում գործելու է նոր խիստ կարանտին՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով: Այս մասին հայտարարել է Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Ավստրիայի կառավարությունը որոշել էր մեղմացնել և խստացնել սահմանափակող միջոցները կորոնավիրուսի պատճառով՝ ելնելով տարածաշրջանում տիրող իրավիճակից: Այս պահին իրավիճակն ամենավատն է Ավստրիայի արևելյան մասում, պատճառը բրիտանական շտամի մուտացիան է, որի պատճառով իրավիճակը հիվանդանոցներում, հատկապես ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, մոտ է կրիտիկականին:

«Մենք ցանկանում ենք, որ այս կարճ ժամանակահատվածում (ապրիլի 1-ից 6-ը) նախ փակենք սպասարկող ձեռնարկությունները, որտեղ շփում կա հաճախորդի հետ,  երկրորդ, փակել առևտուրը, բացառությամբ կարևորագույնների` դեղատներ և մթերային խանութներ, երրորդ, այս ժամանակահատվածի համար անհրաժեշտ կլինի FFP2 դիմակ կրել բաց երկնքի տակ, որտեղ շատ մարդիկ կան: Չորրորդ ՝ մենք մտադիր ենք ուժեղացնել վերահսկողությունը ռիսկային շրջաններից եկող ուղևորների նկատմամբ, օրինակ՝ Չեխիայից, Հունգարիայից, այսինքն՝ նրանք պետք է շաբաթական ոչ թե 1, այլ 2 թեստ անեն, ինչպես նաև ուժեղացնել սահմանային վերահսկողությունը» -ասել է Անշոբերը:

Նա ավելացրել է, որ այս ժամանակահատվածի համար իշխանությունները մտադիր են նաև պարտադիր դարձնել FFP2 տեսակի դիմակ կրելը գրասենյակներում և տարածքներում, որտեղ մեկից ավելի մարդ կա, ինչպես նաև աշխատողների շաբաթական թեստավորումներ անցկացնել: Կստեղծվի նաև շուրջօրյա սահմանափակում առանց հարգելի պատճառի տնից դուրս գալու վերաբերյալ, որը, ի թիվս այլոց, ներառում է նաև զբոսանքը:

Նախարարի խոսքերով ՝ թանգարանները նույնպես փակ կլինեն: Ինչ վերաբերում է դպրոցական կրթությանը, Զատկի արձակուրդներից հետո դպրոցականները կանցնեն հեռավար ուսուցման,  նրանք կկարողանան վերադառնալ դպրոց՝ հանձնելով PCR թեստ: