գլխավոր Իրադարձային Կոտայքի մարզպետը չի հերքում՝ Սասուն Միքայելյանի հետ կապված մարդիկ մարզպետարանում շատ են

Կոտայքի մարզպետը չի հերքում՝ Սասուն Միքայելյանի հետ կապված մարդիկ մարզպետարանում շատ են

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը չի հերքում՝ անձամբ ճանաչել է մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնի համար հայտարարած մրցույթում հաղթած անձնավորությանը: Այս մասին Մեսրոպյանը հայտնեց այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այդտեղ որևէ միտում չկա. ինքը մասնագետ է, և որևէ օրենքի խախտում տեղի չի ունեցել»,- ասաց նա:

Մարզպետը նաև չհերքեց, որ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի հարազատները, համագյուղացիներից ոմանք ևս աշխատում են մարզպետարանում. դուստրը մարզպետի օգնականն է, փեսան՝ փոխմարզպետը և այլն: Բայց «ընտանեկան բիզնես» ձևակերպումը չի ընդունում:

«Ես հեռու եմ այդ «ընտանեկան» ձևակերպումից, որովհետև ես Սասուն Մ իքայելյանի ընկերն էի, բարեկամն էի նաև 2007թ-ին, 2008թ-ին, երբ որ այդ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների, նախորդ ռեժիմի կողմից հալածվում էր, և ես, լինելուվ Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամը, նաև եղել եմ իմ ապրած տարիների ընթացքում Մեսրոպ Մեսրոպյան և ունեցել եմ թե՛մասնագիտական, թե՛ քաղաքական կենսագրությունը: Եվ այնպես չէ, որ Սասուն Միքայելյանի գոյութոյւնն էր , որ տվեց այդ հնարավորությունը, որ ես այսօր մարզպետ եմ նշանակվել»,- ասաց նա:

Կոտայքի մարզպետն անդրադարձավ նաև այն հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Կոտայքի մարզ կատարած այցելության ժամանակ հավաքին ներկա էին մեծ թվով երեխաներ, ինչը քննադատական գնահատականների է արժանացել հանրության շրջանում: Մեսրոպյանը, սակայն, հավաքին երեխաների մասնակցության մեջ ոչ մի վատ բան չի տեսնում:

«Պատմության ընթացքում միայն մեր երկրում չէ և մեր օրերում է, որ նման հավաքների ժամանակ մասնակցում է նաև մատաղ սերունդը, և այդտեղ ես տարօրինակ որևէ բան չեմ տեսնում»,- ասաց նա: