գլխավոր Պաշտոնական Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնականը պարտադիր զինծառայությունից տարկետում ստացավ

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնականը պարտադիր զինծառայությունից տարկետում ստացավ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 25-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատեց Վարազդատ Հովիկի Սուքիասյանին (ծնվ.՝ 1994 թվականին):

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Վարազդատ Սուքիասյանի գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

Նա 2018-ի հուլիսի 19-ի որոշմամբ ասպիրանտուրայում ուսանելու համար ստացել է տարկետում: Նույն տարում ընդունվել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետպատվերի շրջանակներում նախատեսված առկա ուսուցմամբ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրա:

2020 թվականի դեկտեմբերի 17-ին պաշտպանել է գիտական ատենախոսություն’ «Օրենքով պահպանվող գաղտնիքի պաշտպանության հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում» թեմայով: Ատենախոսությունը հաստատվել է, և ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2021 թվականի փետրվարի   4-ի թիվ ՅԱ-վ1 հրամանով Վարազդատ Հովիկի Սուքիասյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի (ԺԲ.00.04 թվանիշով) գիտական աստիճան:

Ներկայումս աշխատում է ՀՀ Վճռաբեկ դատարանում որպես քրեական պալատի դատավորի օգնական: Դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: Դասավանդվող առարկաներն են’

– ՀՀ քրեական դատավարություն (Уголовный процесс РА),

– Զոհի իրավունքները քրեական դատավարությունում (Права жертвы в уголовном процессе (HELP)):

Բացի այդ, 2020 թվականին հավաստագրվել է որպես իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման (HELP) եվրոպական ծրագրի դասընթացավար (Tutor):

Իր գիտական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ իրավագիտության ոլորտում, որոնց մասին են վկայում գիտական գործունեության ընթացքում հայրենական, արտասահմանյան ամսագրերում տպագրված բազմաթիվ աշխատանքները’ հոդվածներ, գիտական զեկույցներ: Մասնավորապես, 2015 թվականից մինչ օրս հեղինակել է թվով 18 գիտական հոդված, հանդես է եկել թվով 5 գիտական զեկույցներով, մասնակցել է մի շարք ներպետական և միջազգային գիտական կոնֆերանսների:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Վ. Սուքիասյանին մասնագիտական և գիտամանկավարժական գործունեությունը շարունակելու նպատակով՝ շարունակել աշխատել ՀՀ Վճռաբեկ դատարանում և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: