գլխավոր Միջազգային Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովը կասկածվում է դավաճանության համար

Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովը կասկածվում է դավաճանության համար

Ուկրաինայի հետաքննությունների  պետական բյուրոն երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին կասկածում է պետական դավաճանության համար՝ «Խարկովի պայմանագրերը» ստորագրելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով բյուրոյի մամուլի ծառայությանը:

2014 թվականի փետրվարին երկրում տեղի ունեցած հեղաշրջումից հետո Ազարովը ստիպված էր հեռանալ Ուկրաինայից: Այն ժամանակ Գերագույն ռադան հեռացրել է Վիկտոր Յանուկովիչին իշխանությունից, նա և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ստիպված էին լքել երկիրը: Մարտին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում էր ընդունել «առավելագույն պատժամիջոցներ» կիրառել Յանուկովիչի, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի և այլ նախկին պաշտոնյաների դեմ:

«Հետաքննությունների պետական բյուրոն, Գլխավոր դատախազի գրասենյակի դատախազի հետ համաձայնությամբ, հաղորդել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով պետական դավաճանություն կատարելու համար: Հաստատվել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև Ռուսաստանի Սևծովյան նավատորմի Ուկրաինայի տարածքում գտնվելու մասին պայմանագրի բովանդակությունն ու պայմանները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարտադրել է Ուկրաինայի այն ժամանակվա վարչապետ Նիկոլային Ազարովին Մոսկվայում` 2010 թ. ապրիլի 21-ի գիշերը ժամը երկուսին, ստորագրման նախօրեին»,- ասվում է բյուրոյի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հետաքննության համաձայն, Ազարովը ապահովել է համապատասխան պաշտոնատար անձանց, մասնավորապես ՝ նախարարների, իրավապահ մարմինների ղեկավարների և Ուկրաինայի կառավարության կողմից փաստաթղթերի նախագծերի հաստատումն ու համաձայնեցումը, ինչպես նաև նպաստել է Ռուսաստանի շահերի իրականացմանը:

2010-ի ապրիլին Ռուսաստանը և Ուկրաինան Խարկովում համաձայնագիր են ստորագրել, որով 2017 թվականից հետո Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մնալը 25 տարով երկարաձգվել է`կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը հետագայում 5 տարի ժամկետով երկարացնելու հնարավորությամբ: