գլխավոր Իրադարձային Ծառայակիցը նռնակը նետել է չեզոք գոտուց վերադարձող զինվորի ուղղությամբ՝ շփոթելով հակառակորդի հետ

Ծառայակիցը նռնակը նետել է չեզոք գոտուց վերադարձող զինվորի ուղղությամբ՝ շփոթելով հակառակորդի հետ

Մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի սպանության մեջ մեղադրվում է համածառայակիցը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ զինծառայող Գարեգին Բաբակեխյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2020թ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Նա մահացու հրազենային վիրավորում էր ստացել կզակի շրջանում։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողն սպանվել է համածառայակցի կողմից ու փորձել դա ներկայացնել որպես ինքնասպանություն։

Ըստ նախաքննական մարմնի ձեռքբերած տվյալների, կասկածվող զինվորը մարտի 27-ից մինչև ապրիլի 10-ը նշանակված էր մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում որպես դիտորդ, իսկ ապրիլի 2-ին՝ ժամը 23։00-ից մինչև ապրիլի 3-ը՝ ժամը 01։00-ն կարգված է եղել Բաբակեխյանի հետ նույն հերթափոխում։ Ապրիլի 3-ին՝ ժամը 00։00-ի սահմաններում Բաբակեխյանի համածառայակիցը խախտել է մարտական հերթապահության և մարտական ծառայություն կրելու կանոնները և քնել խրամաբջջում, ապա, նկատելով շփման գծի առաջնային հատվածից՝ չեզոք գոտուց, մոտեցող Բաբակեխյանին, շփոթել է հակառակորդի հետ և նռնակ նետել նրա ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է բեկորային վնասվածքներ։

Գիտակցելով, որ վիրավորը համածառայակիցն է, որին հասցրած վնասվածքների պատճառով կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, որոշել է թաքցնել կատարվածը։ Ըստ նախաքննական մարմնի՝ զինվորը որոշել է սպանել Բաբակեխյանին և դա ներկայացնել որպես ինքնասպանություն, մասնավորապես, ինքնաձիգի խզակոթով հարվածել է պայթյունից հետո արդեն խրամատ վերադարձած Բաբակեխյանի գլխին ու գցել գետնին, ապա, փորձել է վերջինիս հրազենային վիրավորում հասցնել նրան ամրակցված ինքնաձիգով, սակայն լիցքավորման՝ փակաղակը ձգելու հետևանքով առաջացել է խափանում, ուստի ստիպված է եղել օգտագործել արդեն իրեն ամրակցված ինքնաձիգը, որի ապահովիչը դրել է կրակահերթ դիրքի վրա, փակաղակը հետ քաշելու միջոցով լիցքավորել այն, այնուհետև ինքնաձիգի փողն ուղղել է գետնին ընկած Բաբակեխյանի ստորկզակային հատվածին և սեղմել ձգանը, որի արդյունքում արձակված կրակահերթից Բաբակեխյանը մահացել է՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից։

Սպանված զինծառայողի համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և 365-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով սպանության և մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հատկանիշներով։ Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: