գլխավոր Միջազգային Թուրքիան կարող է փորձել միջամտել Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին. Մակրոն

Թուրքիան կարող է փորձել միջամտել Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին. Մակրոն

«Թուրքիան կարող է փորձել միջամտել Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին»: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Սպառնալիքներն ակնհայտ են: Ես չեմ ցանկանում վերստին մտնել խաղաղ հարաբերությունների մեջ, եթե իմ մեջքի հետեւում նման մանեւրներ լինեն»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները վատթարացել են Սիրիայի, Լիբիայի եւ Միջերկրածովի արեւելյան մասի շուրջ տարաձայնությունների պատճառով: Դեկտեմբերին Ֆրանսիան Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների նախաձեռնող էր հանդես եկել՝ Միջերկրածովյան ջրերում սեյսմիկ հետազոտությունների անցկացման համար:

Հարցին՝ արդյո՞ք Թուրքիան կփորձի խառնվել ընտրություններին Ֆրանսիայում, Մակրոնը պատասխանել է. «Իհարկե: Սպառնալիքները չեն թաքցվում, կարծում եմ, որ պետք է շատ սթափ լինել »:

Ֆրանսիացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել իսլամիստական ​​խմբավորումների եւ ծայրահեղ աջ թուրքական ուլտրաազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ազդեցության կապակցությամբ:

Մակրոնի խոսքով՝ աշնանը երկու երկրների միջեւ քաղաքական լարվածության ժամանակ թուրքական պետությունը ստի քաղաքականություն էր որդեգրել, որը տարածվում էր իշխանամետ ԶԼՄ-ների միջոցով: Ընդ որում, նա շեշտել է Անկարայի հետ երկխոսության կարեւորությունը:

«Մենք պետք է անենք բացարձակապես ամեն ինչ, որպեսզի Թուրքիան երես չթեքի Եվրոպայից եւ չգնա դեպի էլ ավելի մեծ կրոնական ծայրահեղականություն, աշխարհաքաղաքական ընտրության, որը մեզ համար էլ ավելի վտանգավոր կամ բացասական է»,- ասել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ տարեսկզբից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում էր երկկողմ հարաբերություններ հաստատել: «Ուստի ես ուզում եմ հավատալ, որ այդ ուղին հնարավոր է»,- ասել է նա: