
Փոքր և միջին ձեռնարկությունները այժմ գեներացնում են ՀՆԱ-ի ավելի քիչ քան 30 տոկոսը: Սա մեզ չի բավարարում և նախատեսում ենք կտրուկ մեծացնել փոքր և միջին ձեռնարկությունների ներառականությունը և նրանց մասնակցությունը ՀՆԱ-ին: Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ Կառավարությունն ունի մի քանի հակաճգնաժամային ծրագրեր՝ ՓՄՁ-ներին ֆինանասական միջոցների տրամադրման համար:
ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ հակադարձեց, որ այդ միջոցառումները բավարար չեն և հիշեցրեց՝ դեռևս հունվարին էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ 3-4 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր կան Հայաստանում և հետաքրքրվեց՝ ե՞րբ կիրականացվեն այդ ծրագրերը և ի՞նչ խոչընդոտներ կան դրանց համար:
Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ խոչընդոտները բազմաթիվ են.
«Փորձում ենք լուծել այն համակարգային խնդիրը, որի արդյունքում առաջացել է այդ խոչընդոտը, դրա համար ստեղծվել են աշխատանքային խմբեր»,-ասաց Քերոբյանը: