գլխավոր Գլխավոր Իմ հայտարարությունները մեկը մյուսին չեն հակասում. Փաշինյանը մեկնաբանել է ՍՈւ-30-ների թնջուկը

Իմ հայտարարությունները մեկը մյուսին չեն հակասում. Փաշինյանը մեկնաբանել է ՍՈւ-30-ների թնջուկը

Սու-30CM ինքնաթիռները Հայաստան են եկել 2020թ-ի մայիսին, իրականացրել են վարժական թռիչքներ, որոնց ընթացքում օգտագործել են Հայաստանի զինանոցում նախկինում արդեն առկա հրթիռները:

Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խնդրանքով մեկնաբանելով ՍՈՒ- 30-ների շուրջ համացանցում տարածված իրարամերժ պաշտոնական հայտարարությունները:

«Կոնկրետ ռազմական իրավիճակում դրանց օգտագործման կամ չօգտագործման որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունը որքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առջև դրված մարտական խնդիրները: Եվ այն, ինչ ասել եմ Օհանավան գյուղում և այն, ինչ նախկինում հայտարարել եմ, այդ հայտարարությունները, էլի եմ ասում, մեկը մյուսին չեն հակասում»,- ասաց վարչապետը՝ վերահաստատելով իր վերջին հայտարարությունն այն մասին, որ պատերազմի ժամանակ Հայաստանը չէր հասցրել գնել ինքնաթիռների համար անհրաժեշտ ողջ սպառազինությունը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին, սակայն, վարչապետի պարզաբանումը չբավարարեց ու նա խնդրեց պատասխանել՝ ե՞րբ է իշխանությունը դադարելու ստել, մանիպուլացնել ու հասարակության համար ստեղծել մի իրավիճակ, որ մարդիկ խճճվեն այդ ստի մեջ:

Փաշինյանի փոխարեն հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ինչը առաջ բերեց պատգամավորի ծիծաղը:

Փոխվարչապետը հայտարարեց. «Այդ հարցի պատասխանը հնչեց ու այդ մասով ավելացնելու բան չկա»:

Հիշեցնենք՝ մարտի 20-ին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այո՛, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու չուներ կործանիչ ավիացիա»:

Իսկ 2020թ. հուլիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր «Մեր «Սու-30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։