գլխավոր Միջազգային Բլինկենը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական C-400 ՀՕՊ համակարգերից

Բլինկենը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական C-400 ՀՕՊ համակարգերից

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում գտնվում է Բրյուսելում, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ընթացքում Անկարային կոչ է արել հրաժարվել ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերից:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած գրավոր հայտարարությանը:

«Պետքարտուղար Բլինկենը կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերից, մտահոգություն հայտնել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի վերաբերյալ Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու կապակցությամբ, ինչպես նաև շեշտել ժողովրդավարական ինստիտուտների կարևորությունն ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Բլինկենը նաև «աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Թուրքիայի և Հունաստանի միջև ընթացող նախնական բանակցություններին»:

Արտաքին գործերի նախարարները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակն Աֆղանստանում և Սիրիայում: Ավելի վաղ Չավուշօղլուն թվիթերյան իր միկրոբլոգում Բլինկենի հետ իր հանդիպումը որակել էր «կառուցողական»: