գլխավոր Միջազգային ԵԽ պաշտոնյաները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

ԵԽ պաշտոնյաները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել հայ գերիներին:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը. 

«Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ դաժան և բռնի վերաբերմունքի հետ կապված բազմաթիվ մեղադրանքների առնչությամբ, որոնք փաստված են մասնավորապես Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցում:

Մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին հետաքննել նման բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Պետք է ապահովվի միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգումը և խոշտանգումների և այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի արգելումը:

Միևնույն ժամանակ, մենք ցավում ենք նաև այն փաստի առթիվ, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել պահվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ կալանավորվածներին՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին հայտարարության դրույթների համապատասխան»: