գլխավոր Իրադարձային Ռուբեն Վարդազարյանն իր մարտակոչով բացել է Ֆեմիդայի աչքերը, իր սուրն ուղղել է...

Ռուբեն Վարդազարյանն իր մարտակոչով բացել է Ֆեմիդայի աչքերը, իր սուրն ուղղել է իշխանության դեմ. Հայկ Կոնջորյան

Որևէ թեկնածուի ընտրության, նախորդ բոլոր ընտրությունների դեպքում պատգամավորների անձնական կապերը, նրանց ճանաչելը որևէ ազդեցություն չի ունենում ընտրության արդյունքների վրա: Այսօր այս մասին Ազգային ժողովում, երբ երկրորդ փուլով քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Նա նշեց, որ իրենք հարցերը տալիս են ոչ թե իրենց, այլ ժողովրդի անունից: Խոսելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասին՝ նա ասաց, որ պարոն Վարդազարյանին այն անձանցից է, որն ի պաշտոնե պատասխանատու է դատական համակարգի անաչառության համար:

Պատգամավորն ասաց, թե բոլորը գիտեն, որ արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդայի փակ աչքերը խորհրդանշում են նրա անաչառությունը, կշեռքը խորհրդանշում է արդարությունը, սուրը՝ ուժը, և հիմնականում սուրը ցած է իջեցված:

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, որում նա անդրադարձել էր «վնգստացող դատավորների» մասին Նիկոլ Փաշինյանինի արտահայտությանը, Հայկ Կոնջորյանն ասաց, որ պարոն Վարդազարյանը կոնկրետ քաղաքական մարտակոչ է արել:

«Պարոն Վարդազարյանը, ըստ էության, չնայած իր անձի տեսքով, բայց ստացվում է, որ դատական համակարգի անունից բացել է Ֆեմիդայի աչքերը, որ Ֆեմիդան տեսնի, թե ով է իր առաջ կանգնած և կորցնի այդ անաչառությունը, և այդ սուրը, որը ներքև է իջած, խորհրդանշում է, որ պատերազմն ավարտվել է, և արդարությունը հաղթել է, դրա համար սուրը ներքևում է, և պարոն Վարդազարյանն իր մարտակոչով իր սուրն ուղղել է այսօրվա իշխանության դեմ, ահա թե ինչ է արել պարոն Վարդազարյանը Ֆեմիդայի և արդարադատության հետ։ Իմ կարծիքով՝ մեր հանրությունը դա հիանալի տեսնում և հասկանում է»,- ասաց նա:

Աղբյուր` Tert.am