գլխավոր Իրադարձային Մեծ Բրիտանիայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև. կան ձերբակալվածներ...

Մեծ Բրիտանիայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև. կան ձերբակալվածներ (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի Բրիսթոլ քաղաքում ոստիկանությանը տրվելիք նոր լիազորությունների դեմ բողոքող ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ձերբակալվել է 14 անձ, հայտնում է Daily Mail պարբերականը։

Քաղաքացիների ձերբակալման պատճառների թվում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների խախտումն ու մայրուղին փակելը։

Ոստիկանության գլխավոր տեսուչ Քլեր Արմեսն ասել է, որ ոստիկանները ցուցարարներին խնդրել են ցրվել, սակայն ցուցարարները վրաններ և աուդիո համակարգեր են տեղադրել, ինչը նշանակել է, որ գիշերն այնտեղ են մնալու։

Սա Kill the Bill շարժման վերջին գործողությունն էր, որը ցրելու համար ոստիկանություն ստիպված է եղել հավելյալ ուժեր բերել տարածք։ Kill the Bill շարժման անդամները բողոքում են նոր օրինագծի դեմ, որը լայն լիազորություններ է տալիս ոստիկաններին: Նոր օրինագծով առաջարկվում է ոստիկանությանը տալ լրացուցիչ լիազորություններ, որոնք նրանց հնարավորություն կտան որոշելու բողոքի ակցիայի մեկնարկի և ավարտի ժամանակը, սահմանափակել արտադրվող աղմուկի մակարդակը և կիրառել այդ կանոնները, այդ թվում նաև միայնակ պիկետների պարագայում, եթե, օրինակ, պիկետ անցկացնող մարդն օգտագործում է մեգաֆոն: Կանոններին չհետևելը կհանգեցնի 2500 ֆունտ ստեռլինգի (մոտավորապես 3500 դոլար) տուգանքի:

Ավելի վաղ՝ կիրակի օրը, Բրիսթոլում հերթական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության 21 ծառայող էր վիրավորվել, որից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։