գլխավոր Իրադարձային Մոսկվայում ցուցադրության են հանվել իրական մարդկային մարմիններ և օրգաններ. ՌԴ ՔԿ-ն հետաքննություն...

Մոսկվայում ցուցադրության են հանվել իրական մարդկային մարմիններ և օրգաններ. ՌԴ ՔԿ-ն հետաքննություն է սկսել (լուսանկարներ)

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է ստուգել «Մարմնի աշխարհներ» խորագրով ցուցահանդեսի կազմակերպիչներին. ցուցահանդեսն այժմ բաց է Մոսկվայի ազգային տնտեսության նվաճումների ցուցասրահում:

Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է՝ «Մարմնի աշխարհներ» (Body Worlds) ցուցահանդեսը բացվել է մարտի 12-ին. դրա շրջանակում ներկայացված են իրական մարդկային մարմիններ և օրգաններ: Դրանք մշակվել են՝ օգտագործելով պոլիմերային պլաստմասսայի մեթոդը, որը ստեղծվել է գերմանացի բժիշկ Գյունտեր ֆոն Հագենսի կողմից 1977 թվականին:

Մեթոդը հիմնված է մարմնի բոլոր հեղուկները կարծրացնելու և դրանք պլաստիկով փոխարինելու վրա. դա թույլ է տալիս մարմինը սառեցնել ցանկացած դիրքում: Պլաստիկացման համար օգտագործվել են միայն դոնորների մարմինները: Կազմակերպիչների խոսքով՝ իրենց նախագիծը միայն կրթական և ուսուցողական նպատակ ունի:

Պետրենկոյի խոսքով, որոշ լրատվամիջոցներ բացասական մեկնաբանություններ են հնչեցրել ցուցահանդեսի վերաբերյալ. ըստ մի շարք հասարակական գործիչների, այն խաթարում է բարոյական արժեքները և «կարող է համարվել որպես վիրավորանք հավատացյալների կրոնական զգացմունքների նկատմամբ»: Բացի այդ, համացանցում սկսել է շրջանառվել ստորագրահավաք, որով պահանջվում է փակել ցուցահանդեսը:

«Գերատեսչության ղեկավարը հանձնարարել է քննիչներին մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր ասպեկտները և իրավական գնահատական տալ այս ցուցահանդեսի նպատակներին և բովանդակությանը», – եզրափակել է Պետրենկոն: