գլխավոր COVID-19 Կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է ևս 7 երկրում. ԱՀԿ

Կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է ևս 7 երկրում. ԱՀԿ

Կորոնավիրուսի բրիտանական (VOC 202012/01) շտամը, որն առանձնանում էր առավել արագ տարածվելու հատկությամբ, վերջին մեկ շաբաթում հայտնաբերվել է ևս 7 երկրում, իսկ նման երկրների ընդհանուր թիվը հասել է 125-ի:

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, տարածում են գտել նաև կորոնավիրուսի հարավաֆրիկյան (501Y.V2) և բրազիլական (P.1) շտամները: Վերջին 7 օրում ՀԱՀ-ում առաջին անգամ հայտնաբերված տեսակով վարակման դեպքեր են արձանագրվել 11 այլ երկրներում (ընդհանուր առամամբ՝ 75), իսկ բրազիլականով վարակման դեպքեր՝ ևս 3 երկրում (ընդհանուր առամամբ՝ 41):

ԱՀԿ-ի ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում նշվում է, որ 125 երկրում հայտնաբերված բրիտանական շտամն ունակ է տարածվել 41 տոկոսով ավելի արագ, քան վիրուսի նախնական տարբերակը: 

Հունվարին միջազգային կազմակերպությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր տեսակների ի հայտ գալը կանխատեսելի էր, քանի որ վիրուսներին բնորոշ է մշտապես փոփոխվելու հատկությունը: ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսի VOC 202012/01 տեսակը Մեծ Բրիտանիայում ի հայտ է եկել դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ ՀԱՀ-ում 501Y.V2 վիրուսը գոյություն ունի օգոստոսից, մինչդեռ Բրատիլիայում և Ճապոնիայում P.1-ը առկա է դեկտեմբերից: