գլխավոր Իրադարձային Կառավարության աշխատակիցը 2017-ին Ուկրաինայում արված լուսանկարները հրապարակել է՝ ներկայացնելով այն իբրև Բաղրամյան...

Կառավարության աշխատակիցը 2017-ին Ուկրաինայում արված լուսանկարները հրապարակել է՝ ներկայացնելով այն իբրև Բաղրամյան պողոտա

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ այն ներկայացնելով իբրև Բաղրամյան պողոտայում արված լուսանկար, որում երևում է պողոտայի աղտոտված լինելը:

«Խորհրդանշական լուսանկար է, Բաղրամյան պողոտան՝ այսօր»,-լուսանկարին կից գրել է պաշտոնյան:

Համացանցի օգտատերերը, սակայն, պարզել են, որ լուսանկարն իրականում արվել է 2017 թվականին՝ Ուկրաինայում:

«ՀՀ կառավարություն, ձեր աշխատակիցը կեղծ լուրեր է տարածում: 2017թ, Մելիտոպոլի լուսանկարները ներկայացնում է, որպես Բաղրամյան պողոտայից նկարներ: Նողկալի է: Ճիշտ այնքան նողկալի, որքան Լուգանսկի օդանավակայանը Գյանջայի օդանավակայան ներկայացնելը»,-գրել է ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը:

ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրել է. «Կապիտուլյանտի հանցակից ուսապարկերը լրագրողներին ծեծելու ընդմիջումների ժամանակ սրտնեղում են ապատեղեկատվությունից: Լուսանկարում ՀՀ-ում ապատեղեկատվության դեմ պայքարող թիվ մեկ պատասխանատու պաշտոնյան կեղծ լուսանկար է տարածում, փորձելով կեղծիքի միջոցով վարկաբեկել կապիտուլյանտի քաղաքական հակառակորդներին: Այս պաշտոնյան ստախոս է և կեղծարար: Հիմա պատկերացրեք, թե ոնց են այս իշխանությունները կեղծելու ընտրությունները»:

Հրապարակված լուսանկարին անդրադարձել է նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ամենավատն այն չէ, որ Տարոնը ինքնակար է տեղադրել։ Ամենավատն այն է, որ այս տխմարը պետական բարձրաստիճան պաշտոնյա է։ Ճիշտ է՝ ժամանակավոր, բայց դա էլ է մնալու մեր պատմության մեջ։

Իսկ Բաղրամյան պողոտայում իդեալական մաքրություն է։ Այնպիսի մաքրություն, որպիսին տարոնակերպ կենդանիները երբեք չեն տեսել»,-գրել է նա։

Ավելի ուշ Տարոն Չախոյանը ջնջել է լուսանկարը: