գլխավոր Իրադարձային ՆԱՏՕ-ում Ռուսաստանին եվրատլանտյան անվտանգության սպառնալիք են համարում

ՆԱՏՕ-ում Ռուսաստանին եվրատլանտյան անվտանգության սպառնալիք են համարում

Ռուսաստանի «ագրեսիվ» գործողությունները սպառնալիք են ներկայացնում եվրատլանտյան անվտանգության համար: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպումից հետո:

«Մենք բախվում ենք աճող սպառնալիքների եւ համակարգային մրցակցության հետ: Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են ներկայացնում եվրատլանտյան անվտանգության համար, ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով շարունակում է մնալ մշտական սպառնալիք բոլորիս համար: Համառ եւ ավտորիտար տերությունները, ինչպես նաեւ ոչ պետական սուբյեկտները մարտահրավեր են նետում կանոնների վրա հիմնված միջազգային կարգին, այդ թվում` հիբրիդային եւ կիբեռսպառնալիքների, նոր տեխնոլոգիաների չարամիտ օգտագործման եւ այլ ասիմետրիկ սպառնալիքների միջոցով:

Covid-19 համավարակը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք բախվում ենք անընդհատ փոփոխվող խնդիրների, մենք կշարունակենք ապահովել մեր պաշտպանական եւ օպերատիվ արդյունավետությունն այս ճգնաժամի պայմաններում: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլորին, ովքեր պայքարում են այս համավարակի դեմ մեր բոլոր երկրներում եւ ամբողջ աշխարհում»,- ասված է հայտարարության մեջ:

«ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովը նոր գլուխ կբացի անդրատլանտյան հարաբերություններում եւ կորոշի մեր Դաշինքի ապագայի ուղղությունը՝ մինչեւ 2030 թվականը եւ դրանից հետո: 2019-ի դեկտեմբերին Լոնդոնում մեր ղեկավարների ընդունած որոշման համաձայն, կշարունակենք ամրապնդել ՆԱՏՕ-ի քաղաքական հարթությունը, ներառյալ խորհրդատվությունները։

Հետագայում եւս կշարունակենք ամրապնդել ՆԱՏՕ-ի կայունությունն ու ռազմական ուժը՝ ավելի սերտ համագործակցելով մեր նպատակները կիսող այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Կշարունակենք միասին աշխատել, որպեսզի երաշխավորենք մեր անվտանգությունը, բարգավաճումը, ժողովրդավարությունը եւ ազատությունները»։