գլխավոր Գլխավոր Վարկ տրամադրող կազմակերպությունները վարկային պարտավորությունները ներում են ըստ հայեցողության․ԿԲ

Վարկ տրամադրող կազմակերպությունները վարկային պարտավորությունները ներում են ըստ հայեցողության․ԿԲ

Պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված քաղաքացիների համար վարկային պարտավորությունները բանկերը վերանայում են ըստ հայեցողության՝ կիրառելով տարբեր գործիքակազմեր։ Նման պատասխան «Փաստինֆո»-ն ստացել է ՀՀ Կենտրոնական բանկից։

Արցախյան պարետազմի հետեւանքով ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, հարյուրավոր գերիներ, որոնց ընտանիքներն այսօր ոչ միայն սգում են իրենց հարազատների կորուստը, մտահոգվում անհայտ ճակատագրով, այլ նաեւ ստիպված են լինում ֆինանսական բազմաթիվ դժվարությունների միջով անցնել։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԿԲ՝ պարզելու, թե արդյոք պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված քաղաքացիների վարկային պարտավորությունները ներելու գործիքակազմ նախատեսվել է։ Ի պատասխան ԿԲ-ից հայտնել են, որ վարկ տրամադրող կազմակերպությունները պատերազմի ընթացքում տուժած անձանց վարկային պարտավորությունների հետագա սպասարկման նպատակով կիրառում են տարբեր գործիքներ՝ պարտավորությունները ներում են ամբողջական կամ մասնակի, վերանայում են տոկոսները կամ մարման ժամանակացույցը։ Ներվում են նաև հաշվեգրված տույժերի տուգանքները, երբեմն էլ կազմակերպությունները զինկոմիսարիատի տեղեկանքի դեպքում վերանայում են վարկային պատմությունները։

ԿԲ-ն վստահեցրել է, թե գործադրում է օրենսդրությամբ իրեն վերապահված գործիքակազմը՝ փոխշահավետ լուծումներ գտնելու համար, բայց նաեւ խուսափել ասել, թե արդյոք ցուցակներ ուղարկել են բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ ներկայացնելով այն անձանց ցանկը, որոնց նկատմամբ կիրառելի են վարկային արտոնությունները։

Հարցին՝ արդյոք ԿԲ-ի կողմից ուղարկվե՞լ է գրություն ՀՀ-ում գործող բանկերին՝ պատերազմի մասնակիցների համար վարկային արտոնություններ սահմանելու համար, քանի՞ բանկի և քանի՞ անձի վերաբերյալ՝ ԿԲ-ն չի պատասխանել։ Սակայն «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ ՀՀ ՊՆ-ից են ցուցակներ ստանում ԿԲ-ում, ապա փոխանցվում կազմակերպություններին և բանկերին, վերջիններս ըստ հայեցողության կատարում են ներումները։

ԿԲ պաշտոնական պատասխանից հետևում է, որ բանկերին են թողնվել հայեցողությունը՝ ներելու կամ մարելու պատերազմի հետևանքով վիրավորված, անհետ կորած կամ նահատակված անձանց վարկերը և կառավարությունը կարծես պատրաստակամ չէ փոխհատուցել այն անձանց վարկերը, որոնց պարտավորությունները չեն ներում բանկերը, ըամ՝ մասնակի փոխհատուցել բանկերի վնասները։

ԿԲ-ից հստակ թվային տվյալներ չեն ներկայացրել, թե պատերազմի ընթացքում զոհված քանի՞ զինծառայողի պարտավորություն է կասեցվել, քանիսի՞ն է տրամադրվել վարկային արձակուրդ և պատերազմի մասնակից քանի՞ անձի վարկային պարտավորություն է փոխանցվել կառավարության կողմից։ Փոխարենը նշել են, որ ֆինանսական կազմակերպությունների կողմից զոհված, անհետ կորած, վիրավորում ստացած անձանց եւ նրանց ընտանիքների անդամների գծով մինչ այժմ իրականացվել օ շուրջ 2,0 մլրդ դրամի վարկային պարտավորության զիջում։

Հարցին՝ ՀՀ-ում գործող քանի՞ բանկ է ամբողջությամբ ընդառաջել պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների և նահատակների մերձավորների վարկային պարտավորությունները ներելու համար, ԿԲ-ից առաջարկել են, որ առանձին բանկերի և վարկային կազմակերպությունների մասով դիմենք բանկերին և վարկային կազմակերպություններին:

«ՀՀ-ում գործող առևտրային բանկերը, 2020 թ. սեպտեմբերի 27-ին հայտարարել են, որ ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի եւ ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր եւ տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։

Նաև ՀՀ առեւտրային բանկերի առաջարկով ԱԺ-ն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս բանկերին առանց հարկային հետեւանքներ կրելու վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը դարձնել առավել լայնածավալ և ընդգրկուն»,- նշված է պատասխանում։

Նկատենք, որ «Փաստինֆո»-ն անհետ կորած տարբեր անձանց հարազատներից ստացել է ահազանգեր, որ ոչ միայն չեն տրամադրվել վարկային արձակուրդներ, այլ անգամ գումարը բռնագանձելու որոշումներ են ստացել ԴԱՀԿ-ից։