գլխավոր Գլխավոր Պատգամավորները վերջին անգամ պարգևավճար ստացել են նախորդ տարվա փետրվարին. Արարատ Միրզոյան

Պատգամավորները վերջին անգամ պարգևավճար ստացել են նախորդ տարվա փետրվարին. Արարատ Միրզոյան

Ես չեմ ուզում լարել իրավիճակը, ուզում եմ պարզապես կոչ անել՝ եթե գնում է կոնստրուկտիվ քննարկում, ապա, խնդրում եմ, եթե պարգևավճարների մասով ասում են «Ա», ապա պետք է ասվի նաև «Բ»-ն: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Իմ քայլ»-ից Սիսակ Գաբրիելյանի ելույթին՝ պարգևավճարների մասին, երբ հայտնել է, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստացել է 45 մլն դրամ պարգևավճար, 20 մլն և ավել էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Որևէ մեկս չենք ասել, որ դա լրացուցիչ գործիքակազմ է, որ օրինակ՝ մեր գործընկեր Սրբուհի Գրիգորյանը մեկ անգամ ավել գնա Սյունիքի մարզ, խնդիրները բերի»,-ասել էր նա:

Արման Աբովյանը հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց պարգևավճարները անցյալ տարի գարնանը՝ համավարակից սկսած, վճարել են համավարակի առնչությամբ ստեղծված ֆոնդին, պատերազմը սկսելուց հետո՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս անդրադարձավ պարգևավճարների հարցին և պարզաբանեց, որ ԱԺ պատգամավորները վերջին անգամ պարգևավճար ստացել են 2020-ի փետրվարի համար: «Դրանից հետո ոչ մի պատգամավոր պարգևավճար չի ստացել: Եվ ԱԺ-ի բազմաթիվ պատգամավորներ՝ անկախ խմբակցությունից, իրենց աշխատավարձերը՝ մասնակիորեն կամ ամբողջությամբ, փոխանցել են թե՛ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ֆոնդին, թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան»-ից Աննա Կոստանյանն էլ ներկայացրեց պետական տարբեր կառույցներում ստացած պարգևավճարների մասին թվային տվյալներ: «Էլ չեմ խոսում, թե որքան ԱԹՍ-ներ կարելի էր գնել այդ գումարներով պատերազմի թեժ օրերին»,-նշեց Կոստանյանը:

Աղբյուր` Tert.am