գլխավոր Գլխավոր Ռոբերտ Քոչարյանի գործը պետք է քննվի բանավոր ընթացակարգով, կա օրենքի պահանջ․ Արամ...

Ռոբերտ Քոչարյանի գործը պետք է քննվի բանավոր ընթացակարգով, կա օրենքի պահանջ․ Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանը չբավարարեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ և որոշեց այն քննարկել գրավոր ընթացակարգով: Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ որևէ հիմք չկա, որ այս գործը պետք է գրավոր քննվի, և ներկայացրեց օրինակ՝ 2014 թվականի կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որը քննվել է բանավոր:

«Այն, որ բանավոր ընթացակարգը հնարավորություն կընձեռնի ավելի մանրամասն ու հասանելի դարձնել այս ամբողջ քննարկումները, դա փաստ է: Ինձ համար պարզ չէր այն հիմնավորումը, որ սա իրավական հարց է և պետք է գրավոր ընթացակարգով քննենք, իսկ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հարցը 2014 թվականին որ բանավոր ընթացակարգով քննվեց, դա իրավական հարց չէ՞ր, բանավոր ընթացակարգի ընթացքում հնչեցվեցին հարցեր, որոնք տեղ գտան ՍԴ-ի որոշման մեջ, իսկ այս պայմաններում չանցնելը բանավոր ընթացակարգի՝ անհասկանալի է»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը նշեց՝ բանավոր ընթացակարգի չանցնելու մասով հակափաստարկներ չի լսել. «Ի վերջո բանավոր ընթացակարգի չանցնելու մասով հակափաստարկներ ես չլսեցի, առհասարակ գործի հանգամանքների տեսանկյունից շատ օգտակար կլիներ այդ ձևաչափը, գրավորից բանավոր անցնելը որևէ բացասական նշանակություն չէր կարող ունենալ: Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը պետք է բանավոր ընթացակարգով իրականացվի, ոչ թե խոչընդոտ կա օրենքում, այլ կա օրենքի պահանջ, որ այդպես պետք է լինի, օրենքը նշում է, թե որ դեպքերով պետք է լինի բանավոր ընթացակարգ, օրինակ՝ հնչեղություն ունեցող գործեր, իսկ այս գործից ավելի մեծ հնչեղություն ստացած գործ չկա»,- նշեց փաստաբանը:

Արամ Վարդևանյանը նշեց՝ կա հստակ 2 հիմք, որ 300.1-րդ հոդվածը անհասկանալի է և ՀՀ իրավակիրառ պրակտիկան դրա վերաբերյալ պատասխան է տվել, նաև անդրադարձ է կատարել Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի պատասխանին: «Կա երկու հիմք՝ առաջինը որոշակիության դեֆիցիտն է, իսկ սա պայմանավորված է նրանով, որ գործ ունենք մի հոդվածի հետ, որը հստակ չէ և անհասկանալի է, 2-րդ դեպքում մեր իրավակիրառ պրակտիկան է դրա վերաբերյալ պատասխան տվել, իսկ Եվրոպական դատարանը և Վենետիկի դատարանը ուղղակիորեն արձագանքել են, որ հետադարձ ուժի հետ կապված հարցերը լուծվում է իրավակիրառ պրակտիկան հաշվի առնելով, բոլորը տեղյակ են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարացնելու որոշումներին, 300.1 հոդվածը 2008 թվականի մարտի իրադարձությունների նկատմամբ դիտարկվել է որպես լրիվ նոր հանցագործություն, սա էլ հետադարձ ուժի արգելքի հիմքն է»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ Սահմանադարական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանիր դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերը վարույթները և կարծիքներ ստանալու համար դիմել էր ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովի և երկու կառույցների կողմից պատասխանը արդեն ստացվել է: