
Չինաստանի դեմ Եվրամիության միակողմանի պատժամիջոցները միանգամայն անօրինական են: Այս մասին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարար Վան Ին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ցանկացած միակողմանի պատժամիջոց հիմնված չէ միջազգային իրավունքի վրա, ներառյալ վերջերս ԵՄ սահմանած պատժամիջոցները: ԵՄ-ն չպետք է ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք խախտում են միջազգային իրավունքը»,-ասել է Վան Ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում:
Նա ավելացրել է, որ, ըստ չինական կողմի, ԵՄ շրջանակներում, ըստ էության, ոչ բոլորն են միանգամայն համաձայն պատժամիջոցների քաղաքականության հետ: «Նրանք չեն ստանա միջազգային հանրության աջակցությունը, հատկապես այսպես կոչված այն պատժամիջոցների դեպքում, որոնք կիրառվել են ստի հիման վրա: Կարծում եմ, որ բոլոր երկրները պետք է դեմ արտահայտվեն սրան»,-ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը: