գլխավոր Իրադարձային Լոռու մարզպետարանի աշխատակցին քաղաքական ընդդիմադիր հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից. Tert.am

Լոռու մարզպետարանի աշխատակցին քաղաքական ընդդիմադիր հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից. Tert.am

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանին աշխատանքից հետացրել են քաղաքական հայացքների պատճառով: Tert.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը նշել է՝ իրեն հայտնեցին, որ պետք է ազատման դիմում ներկայացնի, կամ էլ ոստիկանությունը պետք է իր անձնական գործերը ստուգել, ինքն էլ քաշքշուկների մեջ չընկնելու համար ազատման դիմում է ներկայացրել:

«Աշխատանքից ազատման հիմքը եղել է ֆեյսբուքյան էջիս գրառումները, որտեղ ես մեկնաբանում էի երկրում տիրող իրավիճակը և ներկայացնում իմ անձնական կարծիքը: Ես վերադարձա պատերազմից և տեսա՝ ինչ վիճակում է գտնվում երկիրը, սկսեցի մեկնաբանել իրավիճակը և նշել՝ հետպատերազմյան շրջանում հանրահավաք կազմակերպելը, կամ արտահերթ ընտրություններ նշանակելը այդքան էլ տեղին չէ, պետք է ուղղակի համախմբվել և խնդիրները լուծել, ոչ թե ընտրությունների գնալ»,- ասաց Արշակ Բաղդասարյանը:

Նա նշեց՝ աշխատանքից ազատման մասին տեղեկացվել է իրավաբանական բաժնի պետի միջոցով, ով էլ առաջարկել, որ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացնի:

Արշակ Բաղդասարյանը սա որակում է որպես քաղաքական հետապնդում ընդդիմադիր հայացքների պատճառով: «Մարզպետը կանչել է իրավաբանական բաժնի պետին և հայտնել՝ կամ պետք է ազատման դիմում գրի, կամ էլ անձնական գործերը ուղարկում ենք ոստիկանություն: Ես դիմում եմ ուղարկել մարզպետին, որ հասկանամ՝ ինչ հիմունքներով են ինձ ազատում աշխատանքից և ինչու՞ պետք է գործերս ուղարկվեն ոստիկանություն, առայսօր պատասխան չկա: Ես որևէ անձի չեմ վիրավորել կամ հայհոյել, դա իմ անձնական էջն է և ես գրել եմ այն, ինչ մտածում եմ, հիմա ես սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում»,-նշեց նա:

Մարզպետարանի աշխատակիցը հայտնեց՝ ստիպված է եղել գրել ազատման դիմում, բայց այնուամենայնիվ մարզպետարանից սպասում է արձագանքի: «Ես գրել եմ ազատման դիմում և արդեն ինքս պատրաստ չեմ այնտեղ աշխատել, քանի որ իմ անձնական կարծիքի պատճառով ենթարկվում եմ քաղաքական հետապնդման, ես մասնակցել եմ պատերազմին և ունեմ առողջական խնդիրներ, իսկապես պատրաստ չեմ քաշքշուկների մեջ ընկնել ոստիկանությունում: Մարզպետարանից պատասխան չստանալու դեպքում՝ ես պատրաստվում եմ իրավական դաշտ տեղափոխել այս գործընթացը»,- նշեց Արշակ Բաղդասարյանը: