գլխավոր COVID-19 Ի՞նչ է լինելու կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ճակատագիրը. Արարատ...

Ի՞նչ է լինելու կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ճակատագիրը. Արարատ Միրզոյանը՝ Արկադի Խաչատրյանին

Ազգային ժողովը քննարկում է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգելու հարցը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը: Նա նախ հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է դեռ անցյալ տարվա ամռանը՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ:

«Պատերազմի հետևանքով, ինչպես նաև պետական համակարգի գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ակնհայտորեն ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը, և մենք կարողացել ենք իրականացնել մեր լիազորությունները միայն վերջին երկու ամսվա ընթացքում: Բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել հանձնաժողովի գործունեության բոլոր ուղղություններով»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց, որ հունիսի քսանին քաղաքական պայմանավորվածությամբ արտահերթ ընտրություններ են, և հետաքրքրվեց՝ ինչ է լինելու այդ դեպքում: «Հանձնաժողովի ճակատագիրն ինչ է լինելու»,-հարցրեց նա:

Արկադի Խաչատրյանը պատասխանեց, որ կարծում է, որ այս ուղղությամբ վերլուծական տեղեկատվություն կձևավորվի: «Նույնիսկ այն պարագայում, եթե արտահերթ ընտրությունների գնալու պայմաններում քննիչ հանձնաժողովը չհասցնի ավարտել աշխատանքը, ես կարծում եմ, որ կատարված աշխատանքը կորած չի լինելու: Լիահույս եմ, որ մյուս ԱԺ-ի համար կորոնավիրուսի հետ կապված հարցերի քննությունը ևս կլինի օրակարգային և կարևոր ուղղություններից մեկը»,-պատասխանեց նա:

Արարատ Միրզոյանն առաջարկեց, որ այս ընթացքում ինչքան հասցնեն աշխատել, դա ամփոփվի, իսկ եթե հաջորդ ԱԺ-ն հարկ համարի աշխատանքները կսկսի, բայց եղածը ամփոփվի:

Արկադի Խաչատրյանը վստահեցրեց, որ առաջարկը դիտարկվի:

Աղբյուր` Tert.am