գլխավոր Քաղաքականություն Նիկոլ Փաշինյանի դիլեման. ում համար կեղծել և որքան. «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանի դիլեման. ում համար կեղծել և որքան. «168 ժամ»

«Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ դեռևս ամբողջությամբ հավատ չներշնչող որոշումը ներկայացվում է որպես ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հնարավորություն։

Առաջին հայացքից գուցե այդպես է, ընտրություններն իրենց մեջ լարվածություն լիցքաթափելու ռեսուրս ունեն։ Սակայն ընտրությունն ինքնին, հենց այնպես չի կարող ճգնաժամը հաղթահարող միջոց լինել, եթե չի բավարարվում դրա հետ կապված ամենաառանցքային պայմանը՝ արդարությունն ու լեգիտիմությունը։ Այսինքն՝ ընտրությունները կարող են դառնալ ճգնաժամի հաղթահարման միջոց միայն ու բացառապես այն դեպքում, եթե դրանք անց են կացվում իրապես ազատ ու արդար պայմաններում, և եթե դրանց լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվում քաղաքական դաշտի մասնակիցների առնվազն մեծ մասի, բայց առաջին հերթին՝ հասարակության կողմից։

Այս տեսանկյունից՝ հունիսի 20-ին հայտարարված արտահերթ ընտրություններն իրականում ոչ միայն չեն կարող ճգնաժամի հաղթահարման հնարավորություն դառնալ, այլև ճիշտ հակառակը՝ ունեն ճգնաժամն ավելի խորացնելու լրջագույն պոտենցիալ։ Ակնհայտ է, և այդ հարցում բոլորն են համաձայն, որ Նիկոլ Փաշինյանն ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար դիմելու է, առանց բացառության, բոլոր հնարավոր ու անհնար միջոցներին, այդ թվում՝ ընտրակեղծարարությանը, վարչական լծակների կիրառմանը, քրեաօլիգարխիայի օգտագործմանը և այլն։

Այս իրողության արձանագրումը պայմանավորված է ոչ թե իշխանության ու Նիկոլ Փաշինյանի հանդեպ ունեցած վերաբերմունքով, այլ այն պարզ իրականությամբ, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի համար զոհասեղանին է դրված շատ ավելին, քան զուտ իշխանությունը։

Իշխանության պահպանումը նրա համար ունի էքզիստենցիալ նշանակություն, քանի որ առանց իշխանության՝ հետագա կյանքի հեռանկարները, մեղմ ասած, մշուշոտ են ու ոչ հաճելի, և խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական, այլ նաև քրեաիրավական կյանքին։ Այսքան բարձր խաղադրույքի պայմաններում իշխանությունը պահպաննելու համար Նիկոլ Փաշինյանը խտրություն չի դնելու միջոցների մեջ, և ընտրակեղծարարությունն այդ միջոցների շարքում կարող է անմեղ չարաճճիություն թվալ։ Այսինքն՝ ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանը դիմելու է կեղծիքների ու այլ անօրինականությունների, քանի որ ակնհայտ է, որ առանց դրա չի կարող իշխանություն պահպանել, ինչպես որ ակնհայտ է, որ առանց իշխանության չի կարող պատկերացնել իր՝ ոչ միայն քաղաքական ապագան։ Իսկ դա նշանակում է, որ որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց հայտարարվող արտահերթ ընտրություններն է՛լ ավելի են խորացնելու քաղաքական ճգնաժամը։

Ավելին՝ այն իրավիճակային, սիտուատիվ ճգնաժամից վերածվելու է համակարգային ճգնաժամի և կարող է տևել տարիներ, ընդհուպ՝ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ։

Գլոբալ առումով, առնվազն հանրային ընկալման մակարդակում այդ ընտրությունը չի լինելու լեգիտիմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, եթե անգամ դրա արդյունքները ճանաչեն ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը։ Բայց տվյալ պարագայում հանրությունը Նիկոլ Փաշինյանին քիչ է հետաքրքրում, նրան պետք է խաղի մասնակիցների ճանաչումը։

Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի խնդիրն է լինելու՝ ընտրությունները կեղծել ոչ միայն սեփական ուժի համար, այլ կեղծել նաև այնպես ու այնքան, որ խաղի մասնակիցների մեծ մասն ընդունի դրանց արդյունքները՝ խորհրդարանում ստացած մի քանի մանդատի դիմաց։ Տեսականորեն այդպիսի ուժեր կարող են համարվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող բոլոր միավորները, բացառությամբ արմատական ընդդիմության, որը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները հայտարարում է անթույլատրելի։ Հիմա Նիկոլ Փաշինյանի խնդիրն է՝ առաջիկա զարգացումները, այդ թվում՝ կեղծման համամասնությունները մոդելավորել այնպես, որ բոլորին ինչ-որ բան բաժին հասնի, և միայն քչերը կասկածի տակ դնեն ընտրությունների լեգիտիմությունը։ Այլ կերպ ասած, նրան պետք են հաճախորդներ, որոնք միշտ բարձր պահանջարկ են վայելել Հայաստանի քաղաքական կյանքում՝ հատկապես նախընտրական ժամանակաշրջաններում։ Այդ հաճախորդների ցուցակը կարող է լինել շատ բազմազան՝ սկսած Նիկոլ Փաշինյանի անունը հուզառատ առոգանությամբ արտասանող պսևդոարևմտամետ պսևդոընդդիմադիրներից՝ մինչև Նիկոլ Փաշինյանին դեմքի ամենախրոխտ արտահայտությամբ այսօր հայհոյող պսևդոազգայնականներ։

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կարիերան կառուցել է՝ բոլոր ընտրություններից առաջ դրանց լեգիտիմությունը կասկածի տակ դնելով, ապա ընտրություններից հետո՝ դրանք ոչ լեգիտիմ որակելով։

Իհարկե, դա չի խանգարել նրան ընդունել այդ կեղծված ընտրությունների արդյունքում իրեն բաժին հասած պատգամավորական մանդատները, ինչպես 2012-ին՝ ՀԱԿ-ի ցուցակով, այնպես էլ՝ 2017-ին՝ «Ելքի» շարքերում։ Այնպես որ, քաղաքական հաճախորդության առանձնահատկությունները նրան քաջ հայտնի են՝ բոլոր մանրամասներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: