գլխավոր Իրադարձային Ռուս–թուրքական լարվածությունը կարող է հանգեցնել ռազմական բախման. փորձագետ․ Sputnik Արմենիա

Ռուս–թուրքական լարվածությունը կարող է հանգեցնել ռազմական բախման. փորձագետ․ Sputnik Արմենիա

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մեր տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի գեոքաղաքական դիմակայության խնդրին։

Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հատկապես անդրկովկասյան տարածաշրջանում իրադարձությունները զարգացել են բոլորովին այլ մարտահրավերներով, և Թուրքիան արդեն ունի ներկայություն Հարավային Կովկասում, ինչը ձեռնտու չէ Ռուսաստանին։ Ըստ նրա` մյուս կողմից Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում կարծես թե որոշակի պայմանավորվածություն ունեին ուժերի վերադասավորության ու ազդեցության ոլորտների տեղաբաշխման առումով։ 

«Սակայն այդ «պայմանավորվածությունը» հօդս ցնդեց հենց արցախյան լայնածավալ պատերազմական գործողություններից հետո, որովհետև այստեղ, ըստ էության, տեղի էր ունենում հայ–ադրբեջանաթուրքական պատերազմ, որն օր առաջ ցանկանում էր դադարեցնել Ռուսաստանի Դաշնությունը։ Ի վերջո, այս տարածաշրջանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության ներքո, որտեղ մուտք է գործում այնպիսի երկիր, որը ՆԱՏՕ–ի անդամ է»,– նշեց փորձագետը։

Հովհաննիսյանի կարծիքով` թուրք–ռուսական հարաբերություններն իրականում բավականին լարված են և ըստ ամենայնի տեսանելի ապագայում սառը լարվածությունը կարող է հանգեցնել ռազմական բախման հենց Հարավային Կովկասում։

«Թուրքիայի ազդեցության մեծացումն այն տարաշածրջանում, որն ավանդաբար եղել է Ռուսաստանի կենսական շահերի տարածք, նաև ընկալվում է որպես ՆԱՏՕ–ի ազդեցության ընդլայնում, ուստի Ռուսաստանը մյուս կողմից էլ ձգտում է Թուրքիային ամեն կերպ պոկել Հյուսիսատլանտյան դաշինքից։ Դրա օրինակն է ռազմական համագործակցությունը մասնավորապես Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման կապակցությամբ»,– ասաց փորձագետը։