գլխավոր Իրադարձային Պաշտոնապես հայտարարում եմ, որ այս օրենքը, եթե մտավ ուժի մեջ այս տեսքով՝...

Պաշտոնապես հայտարարում եմ, որ այս օրենքը, եթե մտավ ուժի մեջ այս տեսքով՝ առանց կարգավորումների, ֆիլտրի, սա դատական իշխանության անկախությանը հարվածող ամենալուրջ գործիքն է լինելու Ռուբեն Վարդազարյանը՝ ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող նախագծի մասին

Այս օրենքի ընդունմամբ խախտվում է ԲԽԴ-ի դատարանների անկախության երաշխիք լինելու սահմանադրական սկզբունքը, որովհետև ԲԴԽ-ն լինելով դատարանների անկախության երաշխավորը դառնում է դատավորներին հետապնդող մարմին: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով կոնկրետ գործերով արդարադատությանը միջամտելու ԲԴԽ-ին լիազորություններ վերապահելու «Իմ քայլի» նախագիծը, որն ընդունվեց անցած շաբաթ։

Ռուբեն Վարդազարյանի կանխատեսումներով մոտ ապագայում ունենալու են ամսական 200-300 դիմում և պարտավոր են դա քննության առարկա դարձնել և ըստ նրա՝ այս նախագիծը կազդի դատավորների անկախության վրա:

«Ես այսօր պաշտոնապես հայտարարում եմ, որ այս օրենքը, եթե մտավ ուժի մեջ այս տեսքով՝ առանց կարգավորումների, ֆիլտրի, սա դատական իշխանության անկախությանը հարվածող ամենալուրջ գործիքն է լինելու և վստահ չեմ, որ դատական իշխանությունը կդիմանա այս ծավալին, այս բեռին, այս ամենին: Դատական իշխանությունն այս բեռի տակ ծալվելու է և եթե չկոտրվի, շատ լավ կլինի: Այս հապճեպությունը ինձ զարմացնում է, ինչո՞ւ էր պետք այս հապճեպությունը, որպեսզի կոտրե՞նք դատական իշխանությունը, եթե նման ծրագիր էր դրված, ուրեմն հաջողվեց, քանի որ եթե չկանոնակարգվի՝ կոտրվելու է»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության մասին իր անդրադարձին, որով կոչ էր անում դատավորներին ցույց տալ, որ այդպիսին չեն, Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ դա սթափեցնող կոչ էր: «Ես մեջբերում եմ արել վարչապետի քաղաքական հայտարարությունից, որն իմ կարծիքով վիրավորական արտահայտություն էր դատավորների նկատմամբ: Իմ կոչը դատավորներին՝ լինել բացառապես ապաքաղաքական և որոշումները կայացնել՝ հաշվի չառնելով քաղաքական զարգացումները»,-ասաց նա:

ԲԴԽ նախագահն ասաց, թե համարում է, որ վերջերս դատավորներն ավելի անկախ են և չեն ենթարկվում որևէ քաղաքական կոնյուկտուրայի՝ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության: «Այս իշխանության օրոք, իմ խորին համոզմամբ, դատավորները դարձան իրապես անկախ և չօգտվել սրանից, այս դիվիդենտը հօգուտ քաղաքական իշխանության չօգտագործել, իմ կարծիքով, անհեռատես է»,-ասաց  նա։