գլխավոր Իրադարձային Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը քննարկել են Հյաստանի և Լիբանանի ...

Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը քննարկել են Հյաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները

Նախարարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների՝ ռազմական գործողությունների գոտի տեղափոխման վերաբերյալ։

 ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունցել Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի պաշտոնակատար Շարբել Ուեյբեի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Երկուստեք ընդգծվել է փոխվստահության և սերտ բարեկամության վրա հիմնված հայ-լիբանանյան հարաբերությունների բարձր մակարդակը։ Երկու երկրները պատրաստակամ են` քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման համար:

Նախարարներն ընդգծել են լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը Լիբանանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաև մեծ ներդրումը երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Կարևորվել են Հայաստանի և Լիբանանի փոխադարձ աջակցությունն ու համագործակցության սերտացումը նաև միջազգային կառույցների շրջանակներում:

«Արտգործնախարարներ Այվազյանը և Ուեյբեն հանգամանալից անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքներին` առանձնահատուկ մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից վարձկանների և զինյալ ահաբեկիչների ռազմական գործողությունների գոտի տեղափոխման առնչությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարեկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ պատերազմ Արցախի դեմ։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։