գլխավոր Իրադարձային Երևանյան լճում գտնված տղամարդուն սպանել են ու նետել Հրազդան գետը․ մանրամասներ

Երևանյան լճում գտնված տղամարդուն սպանել են ու նետել Հրազդան գետը․ մանրամասներ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանյան լճում հայտնաբերված դիակի ինքնության և մահվան հանգամանքների մասին։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ արդեն 4 անձ է ձերբակալվել։ Երևանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ` 31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ` 28 ամյա Թաթուլ Մ.-ն կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի  7-ից որպես անհետ կորած որոնվող, 38-ամյա Էդգար Ա.-ին սպանելու մեջ:

Կայքը գրում է, որ դեռևս մարտի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Սաթինե Բ.-ն և հայտնել, որ մարտի 7-ի երեկոյան եղբայրը՝ Էդգար Ա.-ն, Երևան քաղաքի Գործարանային մետրոյի մոտակայքից անհետ կորել է: Նույն օրը ոստիկանության ծառայողները սկսել են որոնողական աշխատանքներն ու մարտի 19-ին Էդգար Ա.-ին սպանելու կասկածանքով նշված անձանց բերման ենթարկվել։ Նշվում է, որ նրանցից մեկը  տվել է խոստովանական ցուցմունք։

Ըստ դրա՝  Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Էդգար Ա.-ն սպանվել է։ Նրա դին նետել են գետն ու այսօր այն հայտնաբերվել է Երևանյան լճում։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերել։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 12։28-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: