
ՀՀ-ում Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ամբողջական ներդրման համար 2020-2022թթ․ ընթացքում նախատեսված շուրջ 15 մլրդ դրամից 8 մլրդ դրամը կծախսվի ՀՀ պետբյուջեից։ Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ամբողջական ներդրման համար ՀՀ-ին աջակցում են նաև ԱՄՆ դեսպանությունը՝ 3.7 մլրդ դրամով, Եվրոպական միությունը՝ 3.1 մլրդ դրամով, Համաշխարհային բանկը՝ 674.000 դրամով։ Համագործակցություն կա նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ:
Համաձայն Արդարադատության նախարարության՝ այս թվերն արտացոլում են այս պահին միջազգային նշված գործընկերների կողմից ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման ձևով հատկացված կամ հատկացման ընթացքում գտնվող աջակցության ծավալը:
Նշենք, որ Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցմանը ներգրավվող դասախոսների ընտրությունը կատարվել է մրցույթով, որի արդյունքներով ընտրվել է 145 դասախոս։
«Նրանցից 144-ը ՀՀ քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ ԱՄՆ քաղաքացի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ»,-հայտնել են Արդարադատության նախարարությունից:
Մրցույթը հաղթահարած դասախոսներն անցել են վերապատրաստման դասընթացներ։ «Դասընթացները վարել են ԱՄՆ դեսպանության միջոցով հրավիրված մասնագետներ ԱՄՆ-ից և Վրաստանից, ովքեր ունեցել են փորձառություն իրենց երկրներում պարեկային ծառայության կրթության կազմակերպման հարցում»,- նշել են նախարարությունից: