գլխավոր Քաղաքականություն ԱՄՆ-ը խորապես հիասթափված է թուրքիայից․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ը խորապես հիասթափված է թուրքիայից․ ԱՄՆ պետքարտուղար

Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալն ԱՄՆ-ում խորը հիասթափություն է առաջացրել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Twitter»-ում արած գրառմամբ: 

«Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալը խորը հիասթափություն է առաջացրել: Պետք է ամբողջ աշխարհում պայքարենք սեռով պայմանավորված բռնության դեմ, և Ստամբուլյան կոնվենցիայի նման գործիքներով իրականացնենք կանանց պաշտպանությունը»,- գրել է Բլինքենը:

Մարտի 20-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել էր Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշումը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Ֆաթմա Քայան էլ հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ընդունել «Անկարայի կոնվենցիան»՝ ավելի ուշ տեղեկացնելով, որ աշխատում են «Անկարայի չափանիշների» վրա:

ԱԶԿ-ի նախագահի (Էրդողան) գլխավոր խորհրդական Յասին Աքթայն էլ հայտարարել է, որ Ստամբուլյան կոնվենցիայից հրաժարվելու պատճառն այն էր, որ հասարակության մեջ ընկալում կա, թե այդ կոնվենցիան խրախուսում է համասեռամոլությունը:

Ի դեպ՝ Թուրքիան հիշյալ կոնվենցիան առաջինը ստորագրած երկիրն է եղել: