գլխավոր Գլխավոր Իրավական կազուս չկա, Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից․ Ռուստամ Բադասյան

Իրավական կազուս չկա, Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից․ Ռուստամ Բադասյան

Իրավական որեւէ կազուս չկա, Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, իսկ Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված է համարվում:

«Ես խորհուրդ կտամ սահմանադրական անվտանգության շրջանակում վերլուծել, թե ինչ է նշանակում իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում, կամ իրավունքի ուժով հետեւող որեւէ իրադարձություն, օրինակ, երբ իրավունքի ուժով ԱԺ արտահերթ նիստեր են նշանակվում ռազմական կամ էլ արտակարգ դրության ժամանակ, կամ ԱԺ–ն իրավունքի ուժով ցրվում է եւ այդտեղ մեկնաբանություն, որ հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որեւէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը «վերանայել», կարծում եմ տեղին չէ եւ շահարկումների դաշտում է»,– ասաց Բադասյանը։

Նշենք, որ մարտի 18–ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանը որոշել է բավարարել է Օնիկ Գասպարյանի պահանջը եւ որոշել է կիրառել հայցի ապահովման միջոց։ Ըստ նրա փաստաբան Արթուր Հովհաննիսյանի՝ աա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ 

Մեկնաբանելով դատարանի որոշումը, նախարարն ասաց, թե Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել ԳՇ պետի պաշտոնում։

«Ես շատ պարզ եմ ասում, եւ դրան շատ պարզ արձագանքել է նաեւ վարչապետի աշխատակազմը համապատասխան հայտարարությամբ՝ մեկնաբանելով սահմանադրական դրույթներոը։ Ավելին ասեմ՝ գործադիր իշխանությունը  որեւէ իրավունք չունի չիրականացնելու այն, ինչ որ Սահմանադրությամբ նախատեսված է, այսինքն՝ իր կամքը չի կարող փոխել, որովհետեւ Սահմանադրությունը հստակ ընթացակարգ է նախատեսել եւ  դրա ավարտը կարգավորված է իրավունքի ուժի մեջ մտնող որոշումների հետ»,– նշեց նա։

Դատական ակտը գոյութուն ունի իրականության մեջ, բայց ըստ Բադասյանի՝ գործընթացի վրա ազդեցություն չունի։

«Ինչ կլինի հետագայում, կտեսնենք դատավարության ընթացքում։ Գիտեք, որ ՍԴ–ում համապատասխան օրենքի դրույթները վիճարկվում, ինչ ազդեցություն դա կունենա վարչական գործի վրա, հետեւելով դատավարությանը կտեսնենք արդյունքները»,– հավելեց նա։

Նշենք, որ  2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ միջնորդություն։ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չէր ստորագրել Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի կողմից ներկայացված նախագիծը եւ չէր դիմել Սահմանադրական դատարան։

Նախագահը մարտի 11-ին առարկություններ էր ներկայացրել  վերոնշյալ նախագծի վերաբերյալ, սակայն այդ առարկությունները վարչապետի կողմից չէին ընդունվել, եւ հիմնավորումներով հետ էր ուղարկվել նախագահին։