գլխավոր Իրադարձային Հազարավոր մարդիկ չարտոնագրված կառնավալ են կազմակերպել Մարսելում

Հազարավոր մարդիկ չարտոնագրված կառնավալ են կազմակերպել Մարսելում

Ֆրանսիայի Մարսել քաղաքի կենտրոնական  շրջանում մի քանի բնակիչներ կառնավալ են կազմակերպել: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, կազմակերպիչներն իրենց ակցիան չեն համաձայնեցրել իշխանությունների հետ, իսկ մասնակիցները չեն պահպանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անհրաժեշտ կանոնները:

Ոստիկանության հաղորդմամբ, ակցիայի մասնակիցները ո՛չ դիմակ են կրել, ո՛չ էլ պահպանել են սոցիալական հեռավորությունը: Ըստ ոստիկանական բաժանմունքի տվյալների՝ միջոցառմանը մի քանի հազար մարդ է հավաքվել:  

Հաղորդվում է, որ կառնավալի անցկացման տարածքն արդեն շրջափակվել է ոստիկանության կողմից, սակայն ոստիկանները դեռևս գործողություններ չեն ձեռնարկում մարդկանց ցրելու համար:  
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը մարտի 18-ին հայտարարել էր երկրի 16 վարչական շրջաններում մարտի 20-ից 4 շաբաթով ինքնամեկուսացման նոր փուլի մեկնարկի մասին:

Իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4,2 մլն-ը, մահացածներինը՝ 92 հազարը: