
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Այս մասին նախագահը գրել է Facebook-ի իր էջում և հանդիպումից տեսանյութ հրապարակել։
«Այցելել եմ Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել պետական քաղաքականության շրջանակում սպասվող ծրագրերը, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տեղերում առաջարկներ ներկայացրել և հանձնարարականներ տվել համապատասխան պետական գերատեսչություններին՝ դրանց շուտափույթ լուծման ուղղությամբ»,–գրել է Հարությունյանը:
Նախագահը Մարտակերտում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել և հերոսների շիրիմներին ծաղիկ խոնարհել։
Այցի շրջանակում նախագահը ծանոթացել է համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքներին, որոնք ուղղված են վերջին պատերազմի հետևանքով ավերածությունների վերացմանը, զուգահեռ նաև ազատ բնակֆոնդի վերականգնմանն ու տեղահանված բնակիչներին տրամադրմանը: