գլխավոր Իրադարձային Ծայրահեղ անընդունելի է. Հակոբ Կարապետյանը՝ Ավանի թաղապետի տեղակալի հրապարակման մասին

Ծայրահեղ անընդունելի է. Հակոբ Կարապետյանը՝ Ավանի թաղապետի տեղակալի հրապարակման մասին

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ազատելու կամ կարգապահական բնույթի գործողություններ կիրառելու իրավասություն ունի վարչական շրջանի ղեկավարը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի այն հրապարակման մասին, որտեղ վերջինս, վիրավորական խոսքեր է հնչեցնում լրագրողների և ՄԻՊ-ի հասցեին:

«Մենք առիթ ունեցել ենք դիրքորոշում հայտնելու, ևս մեկ անգամ վերահաստատում եմ քաղաքապետարանի դիրքորոշումը, որ ծայրահեղ անընդունելի է հանրային հարթակում, հանրային խոսքի մեջ վիրավորական ագրեսիվ կամ ատելություն պարունակող բառապաշարի կիրառումը, անկախ նրանից, թե ով է դա կիրառում: Անհատի նկատմամբ, մարդկանց կամ սոցիալական որևէ խմբի հասցեին նման բառապաշարի կիրառումն անընդունելի է»,-ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի արձագանքին:

«Այ անդաստիարակներ, Ձեզ որ լեզվով ասենք, որ հասկանաք՝ թավիշը վերջացել է, պրծավ, էնքան չտեսի պես տարաք, վերջացավ։ Ժամանակին, որ ասում էինք թավիշը մի խառնեք թուլության հետ, չէիք հասկանում»,- գրել էր նա։