գլխավոր Իրադարձային Անհամապատասխանություն Փաշինյանի ներկայացրած և նախկինում պաշտոնապես հայտարարված զոհվածների թվերի մեջ․Yerkirmedia.am

Անհամապատասխանություն Փաշինյանի ներկայացրած և նախկինում պաշտոնապես հայտարարված զոհվածների թվերի մեջ․Yerkirmedia.am

Փաշինյանը Արագածոտնի մարզ այցի ընթացքում հրապարակային ելույթի ժամանակ հայտարարել է զոհերի պաշտոնական մի թիվ, որն ակնհայտորեն չի համապատասխանում նախկինում Կառավարության կողմից հրապարկված թվերին: Այս մասին գրում է Yerkirmedia.am-ը:

Այսօր նա հայտնել է, թե պատերազմում զոհվածների պաշտոնապես հաստատված թիվը 3 250 է, ևս 189 ծնող, ընտանիք ԴՆԹ նմուշ են հանձնել եւ սպասում են պատասխանի:

Այնինչ, Հայաստանի առողջապահության նախարարությունը փետրվարին հայտարարել էր, որ փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը արդեն 3577 է, իսկ 428 աճյունից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին հայտնել էր,որ Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված «Սպայկա» ընկերության սառնարաններում պահվում են զոհված զինծառայողների բազմաթիվ դիեր: Հավելենք, որ մինչ օրս էլ գրեթե ամեն օր որոնողական աշխատանքների արդյունքում մի քանի տասնյակ դի է հայտնաբերվում: Նույնը հաստատել և հրապարակել էր Տեղեկատվության ստուգման կենտրոնը, որը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է և, ինչպես կայքում է նշված, հարթակի նպատակն է պաշտպանել քաղաքացիներին տեղեկատվական դաշտում տեղ գտած կեղծիքներից: Փետրվարի 18-ին կայքը հրապարակել է Առողջապահության նախարարության կողմից հաստատված տվյալները.

«Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը 3577 է։ 428 մարմինները, որոնցից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում ներառված են, ԱՆ կողմից հրապարակված 3577 զոհերի թվի մեջ։

Ի դեպ, դեռ հունվարի 20-ին Ազգային Ժողովում, Փաշինյանի ներկայությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ ունենք 3439 զոհի աճյուն, իսկ հունվարից մինչ օրս՝ 2 ամսում ամեն օր որոնողական աշխատանքների արդյունքում նորանոր աճյուններ են հայտնաբերվում:

Արդյունքում, Փաշինյանը ևս մեկ անգամ խեղաթյուրում է փաստերը՝ այս անգամ էլ հակասելով իր իսկ ղեկավարած կառավարության հրապարակած փաստերին: