գլխավոր Իրադարձային «Եթե առանց պետության մասնակցության որևէ քայլ կատարվի, արդեն դառնում է պսևդոպետություն, այլ...

«Եթե առանց պետության մասնակցության որևէ քայլ կատարվի, արդեն դառնում է պսևդոպետություն, այլ ոչ թե անկախ պետություն». Մեղրիի քաղաքապետ

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի մեկնաբանությամբ,  եթե Մեղրու տարածքով կոմունիկացիաները բացվեն, և Նախիջևանն ու Ադրբեջանը կարողանան կապվել իրար հետ, այն նույն տրամաբանությամբ, ինչպես Հայաստանն է Վրաստանով տրանզիտ անցնում ու մտնում Լարս, ապա դա չի նշանակում, որ Վրաստանը Հայաստանին միջանցք է տվել։

«Վրաստանը մեզ հնարավորություն է տվել օգտվելու իր երկրի տրանզիտային հնարավորությունից, քանի որ փակագծերը բացված չեն, պարզաբանում տված չէ, էլի մենք պետք է օրակարգը թելադրենք։ Իսկ մենք կարծում ենք, որ միայն այս տրամաբանությամբ պետք է թույլ տանք այդ ճանապարհի ստեղծումը, ինչը պետք է լինի փոխադարձ, իրենք էլ մեզ ճանապարհ պետք է տան, սա կարելի է քննարկել։ Բայց եթե մեր տարածքով, առանց մեր պետության ընթացակարգերն անցնելու, որևէ գործողություն կատարվի, չեմ ուզում խտացնել, բայց կարծում եմ՝ դա կլինի մեր պետականության վերջը»,- «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Մխիթար Զաքարյանը։

Ըստ նրա, բոլորն այս հարցին պետք է ուշադրություն դարձնեն, քանի որ դա միայն Մեղրիի հարցը չէ։ Ճիշտ է՝ առաջին ազդակիրը Սյունիքն է լինելու, բայց այն միտքը, որ կարող է առանց պետության մասնակցության որևէ քայլ կատարվի, արդեն դառնում է պսևդոպետություն, այլ ոչ թե անկախ պետություն։