գլխավոր Իրադարձային Փելեշյանի համար խորհրդանշական խաչմերուկում բացվեց իր անունը կրող ...

Փելեշյանի համար խորհրդանշական խաչմերուկում բացվեց իր անունը կրող աստղը

Թումանյան 31 հասցեում (Թումանյան–Փարպեցի խաչմերուկում) տեղի ունեցավ մեծ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը: Փելեշյանի խոսքով` իր ճանապարհը դեպի կինո սկսվել է հենց այդ խաչմերուկից:

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը պատմեց, որ ժամանակին վարպետի հետ սիրում էին բացօթյա սրճարաններ այցելել։

«Մի օր ասացի` վարպետ ջան, գնանք իմ սիրած սրճարանը, որը խաչմերուկի վրա է: Եկանք Թումանյան–Փարպեցի խաչմերուկում գտնվող սրճարանը, և նա սիրեց այդ վայրը։ Դրանից հետո միշտ ասում էր` գնանք մեր սրճարանը: Երկու տարի առաջ, հերթական անգամ, երբ մեր  սրճարանում վայելում էինք արդեն սիրելի դարձած մեկ գավաթ սուրճը, ասաց` դու գիտե՞ս, որ դեպի կինո իմ ճանապարհը սկսվել է հենց ա՛յս խաչմերուկից»,–պատմեց Վարդանյանը։

Նա նշեց, որ հենց այդ պահին էլ հիշել է իր ընկերոջ` Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի պատմածը, որ իրենք տարիներ առաջ Փելեշյանի անունով աստղ են պատվիրել։ Այն, սակայն, տարբերվում է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղադրված աստղերից։

Վարդանյանը հայտնեց նաև, որ աստղը պատվիրելու նախաձեռնությունը եղել էր Մնացականյանների ընտանիքի կողմից։

Նշենք, որ Փելեշյանն իրեն բնորոշ լռությամբ էլ անցկացրեց միջոցառումը. վարպետն այդքան էլ չի սիրում խոսել միջոցառումների ժամանակ։ Իր ֆիլմերում նույնպես այդպես է` պատկերներն են պատմում դեպքերի մասին։

Ի դեպ, Թումանյան–Փարպեզի փողոցների խաչմերում ցուցատախտակ է տեղադրվել, որի վրա գրված է. «Արտավազդ Փելեշյանի` դեպի կինո ճանապարհը սկսվել է այդ խաչմերուկից»։

Փելեշյանը 83 տարեկան է։ Նրա «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ է ներկայացնում։ Առավել հայտնի են նրա «Սկիզբը», «Տարվա եղանակներ», «Մենք», «Մադրկանց երկիրը» Ֆիլմերը։