գլխավոր Իրադարձային Ալեն Սիմոնյանին պատասխանելն իմ արժանապատվությունից ցածր եմ համարում. Մեղրիի քաղաքապետ

Ալեն Սիմոնյանին պատասխանելն իմ արժանապատվությունից ցածր եմ համարում. Մեղրիի քաղաքապետ

Ընտրություններին էլ սյունեցին ցույց կտա իր նժդեհական կեցվածքը : Այս մասին «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի ասուլիսին ասաց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը` անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների ընթացքում մարզերում, այդ թվում՝ Սյունիքում, ավելի շատ ձայն կհավաքի, քան Երևանում։

«Որ ասում են՝ «Ուղտն իր սապատը չի տեսնում», հիմա իրենցն է։ Սյունիքը միշտ համախմբված է, չի կարող այլ կարծիք ունենալ։ Ցավ ենք ապրում Սյունիքի համար, ամեն անգամ Սյունիք մտնելիս Ադրբեջանի դրոշների տակով անցնելը սթրես է։ Ընտրություններին էլ սյունեցին ցույց կտա իր նժդեհական կեցվածքը»,-ասաց նա:

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն էլ իր արժանապատվությունից ցածր համարեց անդրադաառնալ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը․ «Մենք սյունեցի են, մեզ մոտ նամուսը, թասիբը առաջնահերթ են, և այդ առումով Ալեն Սիմոնյանի հարցին պատասխանելն իմ արժանապատվությունից ցածր եմ համարում՝ հաշվի առնելով իր նախկին գործունեությունը»։

Նրա խոսքով՝ եթե իրականություն դառնա Սիմոնյանի ասածը, թե նրանք մեծամասնություն են կազմելու, համայնքապետը կհամարի, որ չի ճանաչում իր ժողովրդին։

 «Ես չեմ կարծում, որ իրենք ռիսկ կանեն վտանգավոր տարածքներով անցնել։ Իրենց տեսակը վտանգից փախչող է»,-հավելեց  նա։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ հավելեց, որ Ալեն Սիմոնյանի ասածը չարժե մեկնաբանել, ժամանակը ցույց կտա։

«Կարծում եմ՝ սյունեցիներն արդեն ցույց են տվել իրենց վերաբերմունքը գործող իշխանության վերաբերյալ»,- ընդգծեց նա։