
Մենք ունենք հստակ փաստեր, որ շատ տարածքներ եղել են մերը, բայց չեն եղել մարդիկ, ովքեր կբանակցեին այդ հարցի շրջանակներում, իսկ թշնամին օգտվել է կարգավիճակից և իր սարքերով սահմանազատում կատարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամների ասուլիսի ժամանակ:
«Կան բազմաթիվ փաստեր, որ նույն Շուռնուխը, Որոտանը, Ներքին Խնձորեսկը եղել են մերը, սրա մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, բայց չունենք մարդիկ, որոնք այդ փաստաթղթերը կվերցնեին և կբանակցեին, իսկ թշնամին օգտվել է դրանից, եթե մենք ունենանք սրտացավ մարդիկ, ովքեր մտահոգ են մեր երկրով, մենք կհասնենք հաջողության՝ տարբեր հարթակներում այդ մասին բարձրաձայնելով»,- ասաց
Նա մեկնաբանեց՝ Խնձորեսկը ունի սահմանամերձ կարգավիճակ, բայց շատ այլ գյուղեր՝ ոչ: «Խնձորեսկը ունի սահմանամերձ գյուղի կարգավիճակ և օրինակ Վերիշեն, Ակնո գյուղերը չունեն այդ կարգավիճակը, ես դա համարում եմ սխալ, քանի որ փաստացի նրանք սահմանամերձ են»,- ասաց Գորիսի քաղաքապետը:
Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը ևս մեկնաբանեց սահմանամերձ գյուղերի կարգավիճակը՝ նշելով, որ Շինուհայրը դուրս է սահմանամերձ գյուղերի ցանկից:
«Դեռևս Խորհրդային Միության ժամանակ Շինուհայրը և Խոտը կառավարության որոշումով հանդիսանում էին սահմանամերձ, բայց վերջին ժամանակաշրջանում ես տեսա՝ Շինուհայրը ընդգրկված չէ սահմանամերձ գյուղերի ցանկում, կա միայն Խոտը»,- ասաց Մուրադ Սիմոնյանը: