գլխավոր Միջազգային ԵՄ ղեկավարները բանակցություններ են վարել Էրդողանի հետ

ԵՄ ղեկավարները բանակցություններ են վարել Էրդողանի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեսակոնֆերանս են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Տեղեկանում ենք Եվրոպական Միության կառույցների տարածած համատեղ մամուլի հաղորդագրությունից, որ հրապարակված է երկուսի պաշտոնական կայքերում։

Նրանք քննարկել են դեկտեմբերին կայացած Եվրոպական խորհրդի նիստին հաջորդած ընթացքը, նիստի տված արդյունքները, իրավիճակն Արևելյան Միջերկրական ծովում, ներառյալ՝ առաջիկայում Կիպրոսի խնդրի կարգավորման բանակցություններն ու ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վիճակը:

Թուրքիան հակամարտության մեջ է ԵՄ անդամներ Հունաստանի և Կիպրոսի հետ։ Նրանք տարաձայնություններ ունեն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ մրցակցային պահանջները մայրցամաքային ծանծաղուտների նկատմամբ, ծովային իրավունքները, օդային տարածքը Միջերկրական ծովում, էներգետիկան, էթնիկորեն պառակտված Կիպրոսը, Էգեյան ծովում որոշ կղզիների կարգավիճակը, Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքական ապօրինի հետազոտության փորձերը։ Թուրքիան 1974 թվականի օկուպացրել է Կիպրոսի հյուսիային հատվածը և այնտեղ հիմնել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» անվանումով ապօրինի կազմավորումը։ Թուրքական իշխանությունները մինչ օրս հրաժարվում են հեռանալ Կիպրոսից, հետ կանգնել Միջերկրական ծովում հավակնություններից։

Տեսակոնֆերանսի ընթացքում ֆոն դեր Լայենն ու Շառլ Միշելնն ընդգծել են կայուն դեէսկալացման կարևորությունն ու վստահության կառուցման հետագա ամրապնդումը՝ ԵՄ-Թուրքիա առավել դրական օրակարգ ապահովելու համար:

Նախագահները մտքեր են փոխանակել Թուրքիայում հյուրընկալված սիրիացի փախստականների իրադրության, ինչպես նաև տարածաշրջանային ավելի լայն իրադրության, այդ թվում՝ Լիբիայի և Սիրիայի վերաբերյալ: