գլխավոր Իրադարձային Նախարարի ընկերը՝ «Սևան» ազգային պարկի տնօրեն․ Հրապարակ

Նախարարի ընկերը՝ «Սևան» ազգային պարկի տնօրեն․ Հրապարակ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է պաշտոններ տալ ծանոթներին, բարեկամներին, ընկերներին: Հերթը «Սևան» ազգային պարկինն է: Այս մասին գրում է Hraparak.am-ը։

«Մեր տեղեկություններով՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է «Սևան» ազգային պարկ եւ աշխատակիցներին ներկայացրել է նոր տնօրենին: Տեղեկացանք, որ նորանշանակ տնօրենը նախարարի համակուրսեցին է, Հրազդան քաղաքից է, աշխատել է «Հրազդան ցեմենտ» գործարանում:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել արդեն նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանից, սակայն Խլոյանը մեր զանգերին չպատասխանեց: «Սևան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Արայիկ Հունանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարը աշխատակիցներին ներկայացրել է նոր տնօրենին՝ Արման Աբելյանին. «Մենք դեռ չենք հասցրել ծանոթանալ նոր տնօրենի հետ, ոչինչ չեմ կարող ասել»»,- գրում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 17-ին «Սևան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Արա Խլոյանը, Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի եղբոր որդին է:

Խլոյանից առաջ «Սևան» ազգային պարկի տնօրենը է եղել Վարդան Վարդանյանը, ով ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի  արդյունքում  հաղթող ճանաչվեց:

Չնայած մրցույթին մասնակցած թեկնածուները դժգոհ էին արդյունքներից, և պահանջում էին չեղարկել մրցույթի արդյունքները, այնուամենայնիվ՝ Վարդանյանը մի քանի ամիս շարունակեց պաշտոնավարել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: