գլխավոր Իրադարձային Բենզինի հայաստանյան շուկայի նոր խաղացողն իջեցրել է գները. մրցակիցները դեռ լռում են....

Բենզինի հայաստանյան շուկայի նոր խաղացողն իջեցրել է գները. մրցակիցները դեռ լռում են. Սպուտնիկ Արմենիա

Բենզինի հայաստանյան շուկայի նոր խաղացող Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ran Oil» ընկերությունը իջեցրել է բենզինի մանրածախ առևտրի գները։ Այս մասին գրում է Sputnik Արմենիա-ն։

2000-ականներին ընկերությունը զբաղվում էր նավթամթերքի ներմուծմամբ, այնուհետև մի քանի տարի չէր գործում։ Տարեսկզբին այն գնեց Խաչատուր Սուքիասյանը։ Ընկերությունը կրկին սկսեց աշխատել, ընդ որում` զգալիորեն իջեցնելով գները․ եթե խոշոր ընկերությունների («Ֆլեշ» և CPS) լցակայաններում «ռեգուլյար» տեսակի բենզինն արժե 390-400 դրամ, ապա «Ran Oil»-ում` 370 դրամ։ «Պրեմիում» տեսակի բենզինը մյուս երկու ընկերությունների բենզալցակայաններում 420-430 դրամ է, «Ran Oil»-ում` 390։

«Ran Oil»-ը բենզինն ամենայն հավանականությամբ Իրանից է ներմուծում, բայց նա միակը չէ։ ՊԵԿ-ի տվյալներով (որոնք Sputnik Արմենիային է փոխանցել շուկայի փորձագետներից մեկը)` 2021 թվականի հունվարին Հայաստան ներմուծված նավթամթերքի մոտ 60%-ը բաժին է հասել Իրանին։

Մամուլում մի քանի անգամ գրվել է, որ ընկերությունն ուզում է դեմպինգի միջոցով տեղ գրավել շուկայում։ ՏՄՊՊՀ-ն էլ նշել է, որ անբարեխիղճ մրցակցության (դեմպինգի) վերաբերյալ հետաքննություն չի սկսի, քանի որ «Ran Oil»-ը շուկայում գերիշխող ընկերությունների թվին չի պատկանում (դրանց թվին են պատկանում՝ «Ֆլեշ»-ը և CPS–ը, ինչպես նաև «Մաքս պետրոլը»)։

Նոր ընկերությունն այնքան մեծ չէ, որպեսզի նրա որևէ գործողություն ազդի շուկայի վրա և զգալիորեն խանգարի սպառողներին կամ մրցակիցներին։

Չնայած մամուլի միջոցով հնչած բողոքներին, նշված երեք ընկերություններից որևէ մեկը պաշտոնապես չի դիմել ՏՄՊՊՀ։

Նշենք, որ 2020 թվականին Հայաստան էր ներմուծվել շուրջ 475 հազար տոննա նավթամթերք, որից մոտ 70%-ը՝ Ռուսաստանից, 20%-ից մի փոքր շատ՝ Իրանից, շուրջ 3%՝ Հունաստանից, մնացածը՝ Բուլղարիայից, Ռումինիայից և Կորեայից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: