գլխավոր Իրադարձային Փաշինյանի հրահանգով ճնշում են Օնիկ Գասպարյանի գործով դատավորին. Արթուր Հովհաննիսյան

Փաշինյանի հրահանգով ճնշում են Օնիկ Գասպարյանի գործով դատավորին. Արթուր Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուղիղ ճնշում է իրականացվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանի վրա,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Փաստինֆո»-ն՝ մարտի 17-ին՝ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունելիս որոշում կայացնելուց հետո, ԱԱԾ աշխատակիցները շտապել են վարչական դատարան՝ դատավորի հետ հանդիպման, սակայն վերջինս հրաժարվել էր հանդիպել նրանց հետ։

Դատավորը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էր ԱԱԾ աշխատակիցները այցը՝ փաստելով, որ այցը տեղի է ունեցել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատական համակարգում տեղադրվելուց հետո՝ նախքան հայցի ապահովման մասին միջնորդությունը բավարարելու որոշումը։

Մեկնաբանելով դատավորի նկատմամբ հնարավոր ներգործության դրսեւորումները՝ Գասպարյանի փաստաբանը նկատել է, որ գործով երկու պատասխանող կա՝ ՀՀ նախագահը եւ վարչապետը, հետեւապես ենթադրելի է, թե ով էր շահագրգռված, որպեսզի հայցի ապահովումը չդրվեր։

«Նախագահն, ի սկզբանե, ասել էր, որ ձեռքերը լվանում է»,- ասել է փաստաբանը ու ընդգծել, որ Օնիկ Գասպարյանը, հիմք ընդունելով դատարանի որոշումը, շարունակում է պաշտոնավարել։

«Ավելին, նա պարտավոր է շարունակել, հակառակ դեպքում մի քրեական պատասխանատվություն էլ իր համար է նախատեսված՝ դատական ակտը չկատարելու համար»- նշել է Հովհաննիսյանը։

Փաստաբանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստինֆո»-ի եթերում՝ ժամը 20-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: