գլխավոր Գլխավոր Ինչո՞ւ է ուշացել շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը. ՀՀ առողջապահության նախարարություն

Ինչո՞ւ է ուշացել շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը. ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե բուժաշխատողներն այս ամիս աշխատավարձ չեն ստացել։

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարությունը բուժհաստատություններին տրամադրում է փոխհատուցում ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար:

«2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը վստահեցնում է, որ մոտ ժամանակում համապատասխան ծավալով ֆինանսական փոխհատուցումները կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին: