գլխավոր Միջազգային Պուտինը շատ խելացի է և փայլուն պատասխան է տվել Բայդենին․ Էրդողան

Պուտինը շատ խելացի է և փայլուն պատասխան է տվել Բայդենին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «անթույլատրելի» է համարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած մեկնաբանությունները, գրում է ria.ru-ն։

«Բայդենի կողմից Պուտինի մասին արված մեկնաբանություններն անընդունելի են պետության ղեկավարի համար»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը։

Ընդ որում, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Պուտինն արժանի պատասխան է տվել։

«Նա (Պուտինը) շատ խելացի է և փայլուն պատասխան է տվել»,- լրագրողներին ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ABC News-ին տված հարցազրույցը, որտեղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար», երկու երկրների հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել։ 

Հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել էր․ «Այո»։

Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իրեն «մարդասպան» որակելուն ի պատասխան վերջինիս առողջություն էր մաղթել։

«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչպես նշել է նա, անձամբ ծանոթ ենք։ Ես կպատասխանեի նրան՝ առողջ եղեք»,-ասել էր Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ դա ասում է «առանց հեգնանքի և կատակի»։

ՌԴ նախագահը նաև հավելել էր․ «Ով նման վիրավորական բան է ասում, հենց ինքն է այդպիսին»։

Պուտինը Բայդենին նաև առաջարկել էր ուղիղ եթերում բաց երկխոսություն անցկացնել։

«Ցանկանում եմ նախագահ Բայդենին առաջարկել շարունակել մեր քննարկումները, սակայն պայմանով, որ մենք դա կանենք գործնականում ուղիղ եթերում, այսինքն՝ առցանց: Սակայն առանց հապաղումների, ուղիղ և բաց, անմիջական քննարկումներ»,- ասել էր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: