
Հերթական անգամ դատաիրավական համակարգը այս նախագծերով ավելի է փչացվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:
Նա նշեց, որ այս նախագիծը մի կողմից ուղղված է պաշտպանների աշխատանքը սահմանափակելուն և մյուս կողմից դատավորներին սահմանափակելուն:
«Այս նախագծով առաջարկում են քրեական գործերով պաշտպաններին սահմանափակել այն դեպքում, որ չի եղել իշխանություն, որ իր իշխանափոխությունից հետո քրեական գործերով պաշտպանների կարիք չունենա, գոնե Ձեր մասին մտածեք, պարոն Վարդանյան»,-ասաց նա՝ դիմելով նախագիծը զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:
«Մյուս կողմից, պատկերացրեք, դատավորից գործը վերցնում են և տալիս են մյուսին: Օրինակ՝ ինչ գործ է քննվում, տեսնում են՝ այս դատավորն իրենց դուր չի գալիս, և դատավորը փորձում է արդարադատություն իրականացնել՝ հօգուտ քաղաքացու, դատավորին փոխում են, գործը տալիս են մյուս դատավորին»,-ասաց նա և նշեց, որ, այսպիսով` սահմանափակում են նաև դատավորներին:
«Բա, պարո՛ն Վարդանյան ջան, լավ կլինի այս նախագիծը հետ վերցնեք, այս նախագծով մենք միասին պրոբլեմներ ենք ունենալու Եվրոպայի խորհրդում, ես այնտեղ Ձեզ կասեմ անգլերեն»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:
Աղբյուր` Tert.am